Հասարակական

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձը

3 րոպեի ընթերցում

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պահանջել և ստացել է կաշառք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քրեական գործի նյութերի` Ն. Բ.-ն նույն մարզի մեկ այլ ընկերության կողմից սպասարկվող երթուղու տրանսպորտային միջոցի վարորդի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և չարձանագրելու դիմաց նրանից ևս 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Բացի այդ, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված դեղին հաշվառման համարանիշներով շահագործելու փոխարեն այն վարել է սեփական համարանիշներով, Ն. Բ.-ն վերջինիս օգտին կրկին ակնհայտ ապօրինի անգործության` խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2022թ. հունվարին պահանջել և ստացել է կաշառք:

Վերը նկարագրվածից բացի, Վանաձոր քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն դրանցից մեկի սեփականատիրոջից 2021թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք:

Նա նաև չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ վերը թվարկված բոլոր անձանց նախապես տեղեկացրել է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում նախատեսվող ստուգայցերի օրերի մասին` նրանց հորդորելով վերացնել առկա խախտումներն ու թերությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

2022 թվականի փետրվարի 14-ին Ն. Բ.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում