Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մշակութային ցեղասպանություն է. Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի քաղաքականության մասին

Մշակութային ցեղասպանություն է. Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի 
քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող հայկական եկեղեցիները իբրև թե «աղվանական» ներկայացնելու և այդ պատճառաբանությամբ եկեղեցիներից հայերեն գրություններն ու հայկական այլ հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը մշակութային ցեղասպանություն է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, որն այցելել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա իր հեղինակած նոր գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով:

«Իհարկե, մշակութային ցեղասպանություն է: Ընդհանրապես, մշակութային ցեղասպանությունը տարբեր եղանակներով է իրականացվում: Մեկը՝ պարզապես նախնադարյան բարբարոսություն. ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարերը, մշակութային այլ կոթողները, երկրորդը՝ փորձ է արվում հայազրկել այդ մշակութային կոթողները: Դա էլ է ցեղասպանություն: Այսինքն՝ ինչ-որ «աղվանական եկեղեցիների» թեզն են առաջ քաշել: Դա, իհարկե, անհեթեթություն է: Դա արվում է այն դեպքում, երբ նրանք չեն կարողանում պարզապես քանդել այդ եկեղեցիները, ասենք՝ Դադիվանքը: Եթե իրենցով լիներ՝ վաղուց էին ոչնչացրել: Բայց քանի որ չեն կարողանում՝ փորձում են այլ կերպ վերացնել մշակութային կոթողների հայկականությունը և դարձնել ոչ հայկական մշակույթի կոթող», - մեկնաբանեց Արցախի արտգործնախարարը:

Թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիներն ու վանքերը հանկարծ պարզվում է, որ «աղվանական» են, և նույնիսկ եթե դրանք հին Աղվանքից մնացած կոթողներն են՝ ի՞նչ կապ ունեն Ադրբեջանի և ադրբեջանական մշակույթի հետ, Դավիթ Բաբայանը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Դա նույնն է, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե թուրքերն առաջինն են իջել Լուսնի վրա: Հիմա ի՞նչ ասենք: Էդպես են իրենք գործում: Շումերներին էլ են ներկայացնում իբրև «ադրբեջանցիներ» այն դեպքում, երբ ադրբեջանական ազգը 1936 թվականին է պաշտոնապես ստեղծվել: Հիմա ունենք այսպիսի երկիր: Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է գոնե ինչ-որ կերպ արձագանքի: Լավ, ինչքա՞ն պետք է մենք միայնակ պայքարենք այս ամենի դեմ: Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարել այդ ամենի դեմ, հարցը դա չէ: Առաջին հերթին պետք է ինքներս միավորվենք, ապաքինվենք այս ամենից և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք»:

2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ նախաձեռնված 44-օրյա լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու և առհասարակ պատմական Արցախից հայկական հետքը վերացնելու ուղղությամբ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում արդեն բազմաթիվ եկեղեցիների, վանքեր, հուշարձաններ պատմական ու մշակութային կոթողներ են հիմնովին ոչնչացրել կամ պղծել, խեղաթյուրել՝ սկսած Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարից՝ մինչև այլ տարբեր սրբավայրեր ու կոթողներ: Մշակութային այս հանցագործությունների և վանդալիզմի դեպքերից շատերը արձանագրված են war.karabakhrecords.info հարթակում:

2022 թ. փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտեց հատուկ հանձնաժողով ստեղծելու Ադրբեջանի որոշումը՝ շեշտելով, որ դա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է: Հայաստանի ԱԳ նախարարությունը նույնպես խստորեն դատապարտեց Քերիմովի հայտարարությունը՝ նշելով, որ դա ոչ միայն բացահայտ մարտահրավեր է Հաագայի դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշմանը, այլև հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար:

Ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանը առաջնահերթ և հրատապ խնդիր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը:

Աղվանքը, որին նաև կոչում են «Կովկասյան Ալբանիա», կովկասյան հնագույն պետություններից է եղել, որը սահմանակցում էր Մեծ Հայքին և զբաղեցնում էր ներկայիս Ադրբեջանի տարածքի մի մասը: Տարածաշրջանում քրիստոնեության տարածումից հետո այս երկրում ապրող ժողովուրդները առաքելական քրիստոնյաներ դարձան և սերտորեն կապված էին Հայ Առաքելական Եկեղեցու հետ: 10-11-րդ դդ. ի վեր, հատկապես սելջուկ-թուրքերի և թաթար-մոնղոլների արշավանքներից հետո Աղվանքը աստիճանաբար քայքայվեց և դադարեց գոյություն ունենալ իբրև ոչ միայն պետական, այլև պատմաաշխարհագրական միավոր: Աղվանքի պատմությունը տարածաշրջանի ամենաքիչ ուսումնասիրված  խնդիրներից է, այդ թվում՝ Հայաստանում: Թե ի՞նչ կապ ունեն միայն 1918 թ. ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը և ժամանակակից ադրբեջանցիները Աղվանքի և աղվանական ժառանգության հետ՝ օբյեկտիվ և անաչառ պատմագիտության տեսանկյունից պարզ չէ, քանի որ նրանք ո՛չ Աղվանից ժողովուրդների կրոնն են ժառանգել, ո՛չ էլ նույնիսկ նրանց երկրի անվանումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]