Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանը՝ Հայաստանի արտաքին առևտրի 3-րդ խոշոր գործընկեր. երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Իրանը՝ Հայաստանի արտաքին առևտրի 3-րդ խոշոր գործընկեր. երկու երկրները նշում 
են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարամյակներ շարունակ իրար հարևանությամբ ապրող հնդեվրոպական երկու հնագույն ժողովուրդները՝ հայերը և իրանցիները, տոնում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: ՀՀ-ԻԻՀ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 9-ին:

Հայ-իրանական հարաբերությունները որքան հարուստ պատմություն, նույնքան էլ մեծ ներուժ և խոստումնալից ապագա ունեն: Այդ հեռանկարը շատ հստակ ուրվագծում են ոչ միայն երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամական սերտ կապերը, այլև այն փաստը, որ Իրանը Հայաստանի առանցքային ու ամենավստահելի գործընկերներից է ինչպես տարածաշրջանում և միջազգային ասպարեզում, այնպես էլ էներգետիկ, առևտրատնտեսական և տրանսպորտային հարաբերություններում: Հատկապես հուսադրող է առևտրաշրջանառության դինամիկ աճը վերջին մի քանի տարվա ընթացքում, որի շնորհիվ Իրանը դարձել է Հայաստանի առևտրային 3-րդ խոշոր գործընկերն ավելի քան 502 մլն ԱՄՆ դոլար ապրանքաշրջանառության ծավալով, որը Երևանն ու Թեհրանը ծրագրում են հասցնել 1 միլիարդի:

Իսկ առհասարակ, Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. հնգամյա ծրագրում նշվում է, որ «կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը»:

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՔԻՑ ՄԻՆՉ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Հայերի և իրանախոս ժողովուրդների պատմաքաղաքական և մշակութային առնչությունները գալիս են հնագույն ժամանակներից՝ դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակից: Այդ փաստը վկայող առանցքային աղբյուրներից են Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ 1-ինի (մ.թ.ա. 522-486 թթ.) եռալեզու Բեհիսթունյան սեպագիր արձանագրությունը, որտեղ Հայաստանը հիշատակվում է որպես «Արմինիա», և Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», ըստ որի՝ մ.թ.ա. 7-րդ դարում հայ նախարար Պարույր Սկայորդին օգնել է իրանական սարահարթում ձևավորված հնագույն պետության՝ Մարաստանի թագավոր Վարբակեսին Ասորեստանի աշխարհակալ պետությունը կործանելու գործում և դրա դիմաց ստացել է թագավորի տիտղոս՝ հիմնելով Հայկական թագավորությունը: Մեկ այլ հիշատակմամբ՝ մ.թ.ա. 553 թվականին արդեն Պարսից թագավոր Կյուրոս Մեծը, դաշնակցելով հայ Երվանդունիների հետ, ապստամբել է Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և դաշնակից հայերի հետ նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները՝ հիմնել է պատմությունից մեզ հայտնի Աքեմենյան պետությունը կամ Աքեմենյան Պարսկաստանը:

Մարաստանը, Աքեմենյան կայսրությունը, Պարթևստանը, Սասանյան պետությունը՝ հնագույն շրջանում և վաղ միջնադարում, Թահիրիների, Սաֆարիների, Սամանիների, Բուիների կամ Բուվայհիների և Ղազնևիների իշխանությունները՝ արաբական տիրապետության ժամանակ, Սեֆյանների, Աֆշարիների, Ղաջարիների դինաստիաները՝ ուշ միջնադարում և Շահական Պարսկաստանը՝ նոր շրջանում դասվում են իրանական ժողովուրդների հիմնած այն պետական տարբեր միավորումների շարքին, որոնց հետ Հայաստանը առնչվել և հարաբերվել է տասնյակ դարեր շարունակ:

Այդ ընթացքում, իհարկե, եղել են տասնյակ ու հարյուրավոր պատերազմներ, դաշինքներ՝ իրար հետ և իրար դեմ, քաղաքական հազար ու մի իրադարձություններ, վայրիվերումներ, ժողովրդային ու քաղաքական անդադար շփումներ, իրար են հաջորդել պատմական տարբեր շրջափուլեր:

Իմիջիայլոց, 451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին տեղի ունեցած Ավարայրի հանրահայտ ճակատամարտը պարսից զորքերի դեմ, որ հայ-պարսկական հարաբերություններին վերաբերող ամենահայտնի փաստերից է, իրականում հայ-իրանական պատմության ընդամենը մի դրվագ է, որի մասին իրանական աղբյուրներում, ցավոք, հիշատակություններ չեն պահպանվել:

Պատմությունն, անշուշտ, իր հետքը թողնում է, բայց այսօր իրադրությունը մեր տարածաշրջանում էապես տարբերվում է հին դարերից: Իրանը Հայաստանի ամենամտերիմ բարեկամներից է և ամենավստահելի գործընկերներից մեկը հարևանության մեջ և ազգերի միջազգային ընտանիքում:

 

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

Ինչպես «Արմենպրես»-ն է հաղորդում՝ պատմաքաղաքական առնչությունների այդ վառ կոնտրաստն ու հայ-իրանական հարաբերությունների պատմության բազմաշերտությունը նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն է նկատել դիվանագիտական տարեդարձի կապակցությամբ փետրվարի 9-ին իր իրանցի գործընկերոջը հղած ուղերձում՝ նշելով, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձությունների բարդ ու դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ համագործակցությամբ: Միրզոյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությամբ երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության:

Բարեկամ և հարևան երկու պետությունների միջև պաշտոնական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ փետրվարի 6-ին իր հայ գործընկերոջը համանման ուղերձ էր հղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ընդգծելով Իսլամական Հանրապետության կամքը ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը:

Իրանի գլխավոր դիվանագետը հիշեցրել էր, որ Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկրներից է աշխարհում:

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Իրանի Իսլամական Հանրապետությունը ճանաչել է ՀՀ անկախությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվել է Հռչակագիր Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը: 1992թ. ապրիլին Երևանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ 1992 թ. դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը՝ Իրանը 1992 թ. ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի նորանկախ պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների հաստատմանը: Այդ ժամանակից սկսած Հայաստանի և Իրանի միջև աստիճանաբար ձևավորվել և զարգացել է քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցություն: Հետագայում, իհարկե, ստորագրվել են տասնյակ այլ համաձայնագրեր, հուշագրեր և այլ փաստաթղթեր երկկողմ կապերի ակտիվացման և փոխգործակցության զարգացման վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ՔԱՅԼԵՐՈՎ՝ ԴԵՊԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄ

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել էր, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական երկարամյա հարաբերությունները շատ լավ հիմք են միջպետական երկկողմ հարաբերությունները առավել ընդլայնելու համար: Իրանի դեսպանը շատ է կարևորում հատկապես հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունը քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին հասցնելու և միմյանց ճանաչողության մակարդակը բարձրացնելու հանգամանքը:

Երեկ՝ փետրվարի 9-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված միջոցառման ժամանակ դեսպան Զոհուրին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ հայ-իրանական հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական և բարիդրացիության վրա հիմնված:

«Այս երեք տասնամյակների ընթացքում երկու ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության վաղեմի ավանդույթը ամուր հիմք է հանդիսացել փոխըմբռնման, քաղաքական փոխգործակցության և, հետևաբար, երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար և օգնել մեզ հաղթահարելու բազմաթիվ վայրիվերումներ: Այսօր մեր կառավարությունները, օգտվելով երկու երկրների ժողովուրդների մշակութային կապերի արդյունք հանդիսացող այս արժեքավոր կապիտալից, ավելի հաստատակամ քայլերով մտածում են հարաբերություններն առավել խորացնելու և նոր ոլորտներում համագործակցություն հաստատելու մասին», - ասել է Իսլամական Հանրապետության դեսպանը:

 

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Անցած 30 տարվա ընթացքում Երևանը և Թեհրանը տասնյակ կարևոր ծրագրեր են իրականացրել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրատնտեսական կապերի և այլ ոլորտներում և ձեռնարկել են մի շարք նոր նախագծեր, որոնք կարևոր նշանակություն ունեն թե՛ Իրանի և թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Նախատեսվող և ընթացիկ հայ-իրանական խոշոր ծրագրերի թվում կարելի է առանձնացնել հատկապես հետևյալ ծրագրերը՝

  • «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցումը, որը մաս է կազմելու Իրանի նախաձեռնած ավելի խոշոր նախագծի՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային տարանցիկ միջանցքի, որն էլ իր հերթին կենսագործման դեպքում Հայաստանը կդարձնի Արևելքի և Արևմուտքի շուկաներն իրար կապող կարևոր օղակ և տարանցիկ ուղի Հնդկաստանից և Պարսից ծոցի ավազանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների ճանապարհին,
  • Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որի մեկնարկը տրվել է 2017 թ. դեկտեմբերին,
  • Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը շեշտակիորեն կմեծացնի Հայաստանի և Իրանի միջև գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման և վաճառքի ծավալները,
  • Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ քառակողմ համագործակցությունը, որի մասին հուշագիրը ստորագրվել է 2015 թ.,
  • Իրանական գազի տարանցումը Հայաստանով դեպի Վրաստան և եվրոպական երկրներ, որը դեռևս մնում է հայտարարությունների և փոխադարձ պատրաստակամության մակարդակում,
  • Թուրքմենստան-Իրան-Հայաստան գազի փոխանակումը SWAP տարբերակով, որը քննարկումների փուլում է,
  • Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը, որը բանակցությունների փուլում է:

 

ՆՊԱՏԱԿԸ՝ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼԸ ՀԱՍՑՆԵԼ 1 ՄԻԼԻԱՐԴԻ

Շատ լավ լուրեր կան նաև առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտից, որը մշտապես եղել է երկու կողմերի ուշադրության և մտահոգության կենտրոնում: Երկար ժամանակ հայ-իրանական առևտրի և ապրանքաշրջանառության ծավալները չէին գոհացնում և ակնհայտորեն չէին համապատասխանում Հայաստան-Իրան քաղաքական, հասարակական, մշակութային հարաբերությունների փայլուն մակարդակին, և դա խոստովանում էին երկու կողմերի թե՛ պաշտոնյաները և թե՛ փորձագետները: Բայց եթե ոչ վաղ անցյալում՝ 2014-2016 թթ., հայ-իրանական ապրանքաշրջանառությունը չէր հասնում նույնիսկ 300 մլն ԱՄՆ դոլարի նշագծին, ապա 2017-ից ի վեր առևտրի ոլորտում նկատելի աճ է նկատվում:

Մասնավորապես, եթե 2017 թ. ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը դրամական փոխարժեքով կազմում էր 258 մլն դոլար, ապա 2018 թ. այն հասավ 363 մլն դոլարի, իսկ 2020 թ. ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 401 մլն դոլար:

Ըստ վերջին տվյալների՝ 2021 թ. Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 502 մլն 842 հազար դոլար, որում Հայաստանից արտահանման ծավալը կազմում է ավելի քան 65 մլն, իսկ ներմուծումը՝ ավելի քան 437 մլն դոլար: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ առևտուրը Հայաստանի և Իրանի միջև 2021 թ. աճել է ավելի քան 25%-ով կամ՝ մոտ 101 մլն դոլարով: Բոլոր տվյալները տրամադրել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Ի դեպ, Իրանն ու Հայաստանը չեն պատրաստվում կանգնել ձեռք բերված արդյունքների վրա և նախատեսում են առնվազն կրկնապատկել առևտրի ծավալները: Գիտությունների ազգային ակադեմիայում Իրանի դեսպանն ասել է, որ երկու երկրում էլ ակնկալում են ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 1 մլրդ դոլարի: Այս պահի դրությամբ Իրանը Հայաստանի արտաքին առևտրի 3-րդ խոշոր գործընկերն է Ռուսաստանի Դաշնությունից և Չինաստանից հետո:

 

Արամ Սարգսյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am