Քաղաքականություն

Երևանում կբացվի Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակ

2 րոպեի ընթերցում

Երևանում կբացվի Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հայաստանյան այցի շրջանակներում տեղի է ունենալու Երևանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարը հատկանշական է համարում այն փաստը, որ Ավստրիայի արտգործնախարարի այցը Հայաստան տեղի է ունենում Հայաստան-Ավստրիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ավստրիայի արտգործնախարարն էլ իր հերթին հավելեց, որ ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է, նշվում, այլև վերջին 12 ամսվա ընթացքում Ավստրիայի արտգործնախարարը արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, ինչը ցույց է տալիս երկկողմ հարաբերությունների կարևորությունը:

«Ուրախությամբ պիտի նկատեմ, որ այս 30 տարվա ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել, կա քաղաքական, տնտեսական, մշակութային երկխոսության և համագործակցության լուրջ փորձ: Անշուշտ, մենք չենք իրացրել այն ողջ ծավալի ներուժը, որը կա մեր երկու երկրների հարաբերություններում, և մեծ հույս ունեմ, որ այս այցը խթան կհանդիսանա, որպեսզի այդ ուղղությամբ առաջ շարժվենք և անցնենք մեր հարաբերությունների հաջորդ փուլին», - նշեց Արարատ Միրզոյանը:

Երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի մեջ Հայաստանի արտգործնախարարը մեծ կարևորություն է տալիս հատկապես Հայաստանի և Ավստրիայի գործարար համայնքների շփումներին: Նա մեծ գոհունակությամբ արձանագրեց, որ Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակության հետ միասին Հայաստան է եկել նաև ավստրիական լուրջ բիզնես պատվիրակություն: Փետրվարի 3-ին նրանք մասնակցելու են հայ-ավստրիական բիզնես ֆորումի բացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում