1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հազարապտղունց երաժշտության ուխտավորը. «Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…»

Հազարապտղունց երաժշտության ուխտավորը. «Առանց մոլեգնության ոչ մի բան չի 
ծնվում…»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Երաժշտության մեջ երկու երեւույթների հարաբերություն կա՝ ձայնի եւ լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով՝ հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում, խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող ներքին կրակից զուրկ հանգաբանություն է եւ ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…

Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը եւ նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժեւորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել…»:

Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

 

Իսկ մեծն Հրանտ Մաթեւոսյանը գնահատանք-խոստովանանքի նման ասելու էր. «Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու…»:

Եվ որպեսզի բացառվեր «համր ուխտավոր» լինելու հանգամանքը, եւ ամայի չմնար ոգեղեն երկնի այն տարածքը, որը նրա հավերժահունչ երաժշտությամբ էր լցվելու՝ մեզ, մեր ժողովրդին ու դարավոր մեր մշակույթին բախտ էր վիճակված ունենալ Տիգրան Մանսուրյան հանճարեղ արվեստագետին, լինել նրա ժամանակակիցն ու հպարտանալ դրանով: Եթե հիշատակելու լինենք միայն հայկական ամենասիրված կինոնկարների համար նրա գրած երաժշտությունը, ապա դա էլ լիուլի բավական կլիներ նրան մեծերի շարքը դասելու. «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Հայկական հողի գույնը», «Աշնան արեւ»…: Այս կինոնկարները, որպես այդպիսիք, որքան էլ լինեին մեծարվեստ ռեժիսորների նվաճում ու տաղանդավոր դերասանների շքեղ խաղով հագեցած, այնուամենայնիվ, մեր համեստ կարծիքով՝ առանց մանսուրյանական երաժշտության դժվար թե ունենային սքանչելի այն ճախրը, որ ունեցան ժամանակին, ունեն եւ այսօր եւ կունենան առմիշտ: Ի դեպ, նա իր առաջին կինոերաժշտությունը գրել է 1964 թ., երբ չորրորդ կուրսի ուսանող էր մայր երաժշտանոցում, իսկ ֆիլմը փաստավավերագրական էր:

Բազմաժանր ու ընդգրկուն են մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական շրջանակները. «Ձյունե թագուհին» բալետը՝ ըստ Քրիստիան Անդերսենի, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն», կոնցերտներ՝ թավջութակի եւ նվագախմբի, երգեհոնի եւ լարային նվագախմբի, ջութակի եւ լարային նվագախմբի, ալտի եւ կամերային նվագախմբի, «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Ե. Չարենցի) համար, կամերային երկեր մենակատարի համար՝ «Թովեմ», լարային կվարտետներ, հինգ բագատել դաշնամուրային տրիոյի համար, սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք՝ ձայնի եւ տրիոյի համար, «Հավատով խոստովանիմ» (ըստ Շնորհալու)՝ ալտի եւ տղամարդկասնց երգչախմբի համար, վոկալ շարքեր՝ «Չորս հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր», «Երկիր Նաիրի», «Գարնան երգեր»՝ Համո Սահյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի խոսքերով, խմբերգեր, երաժշտություն թատերական ներկայացումների համար՝ «Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն», այլ բեմականացումներ: Չմոռանանք հայոց մեծ եղեռնի զոհերին նվիրված եւ մեր ազգային ողբերգությունը համաշխարհային մարդկությանը  երաժշտության լեզվով ներկայացնող «Ռեքվիեմը», որն արժանացել է դասական երաժշտության միջազգային մրցանակի՝ «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: Իսկ եթե թվարկելու լինենք ամենահնչեղ մրցանակների ցանկը, ապա ընթերցողն առավել քան պիտի ծանրաբեռնվի…

«Այն վայելչությունը, որ Մանսուրյանը բացահայտում է մի պտղունց նոտայով, որքան մնայուն, նույնքան էլ գորովալից է…»,- սքանչացողն ամերիկացի արվեստաբան Ալան Լոքվուրդն է: Իսկ մանսուրյանական համամարդկային երաժշտությամբ հիանալու էին ամենուր՝ Փարիզում ու Լոնդոնում, Հռոմում ու Միլանում, Վարշավայում, Նյու Յորքում, Վիեննայում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, խոշորագույն այլ քաղաքների հռչակավոր դահլիճներում: Այդպես է, որովհետեւ բարձր արվեստը, ինչպես լույսի տարածումը, սահմաններ չի ճանաչում: Եվ նման արվեստ արարողը դառնում է մոլորակի քաղաքացի ու այդ մոլորակում իր ժողովրդի պատվարժան դեսպան, երկիր ու ազգ ներկայացնող Մշակութային դեսպան…

Այսօր մեծ հայի ծննդյան օրն է: Մաղթենք լեռնականի առողջություն սիրելի մաեստրոյին, որպեսզի շարունակի «բաց ճակատով նայել լեռների կատարներին» եւ նոր « մոլեգնումներով» շարունակի ստեղծագործել ու միլիոնավորների սրտերին հասցնել իր հազարապտղունց արարումների կախարդանքը…

Շնորհավոր օրհնյալ ու ազգընծա ծնունդդ, Մաեստրո:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]