1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը խոսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անհրաժեշտության մասին

Փաշինյանը խոսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ 
բանակցությունների անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրան»,- նշեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել: «Երբ նայում ենք բանակցային թղթերը, ի վերջո այդ ողջ գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Մենք էլ  դա որպես խաղաղության օրակարգ ունենք և պետք է հետապնդենք խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը: Բայց ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ պետք է բանակցել: Հայաստանը պատրաստ է բանակցել: Ի վերջո այս բոլոր հարցերի քննարկումները հենց այդ խնդիրները լուծելու համար է»,- հայտարարեց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պաշտոնական Երևանը մտադիր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և արդյոք ադրբեջանական կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության դեպքում հնարավոր է հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ Փաշինյանն ասաց. «Կուզեի վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ընկալելիս որոշ նրբություններ նկատենք, որոնք մեր իրականությունում չեն ընկալվում, և տարբերակենք այդ հայտարարությունների մեջ ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը: Վերջերս մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ մի շատ կարևոր դիտարկում հնչեցրեց: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո: Օրինակ, երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994 թվականից հետո տասնյակ տարիներ Հայաստանից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Հաճախ հնչում են հայտարարություններ Երևանի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին և այլն: Վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է: Այսինքն, այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի տարր կա, և մենք պետք է դա հաշվի առնենք: Այդ էմոցիոնալ հանգամանքը օգտակար չէ գործընթացների համար»:

Անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, և նման համաձայնագիր վավերացրել է նաև Ադրբեջանը: 

Նա ընդգծեց, որ բանակցային հիմք դարձած Մադրիդյան սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել են: 

Խոսելով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու օրակարգի մասին՝ վարչապետն ասաց. «Դա մեզ համար ռազմավարական օրակարգ է: Երբ մենք դա որդեգրել ենք և արձանագրել կառավարության ծրագրում, ես բազմիցս ասել եմ, որ հասկանում ենք՝ սա ամենևին մեզնից չի կախված, բայց որ մենք այդ օրակարգին հետևողականորեն հետևելու ենք, դա ակնհայտ է: Ես ուզում եմ, որ մենք հարցերին ռացիոնալ դաշտում նայենք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]