Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաստ չէ, որ սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. Փաշինյանը կողմ է կառավարման համակարգը չփոխելուն

Փաստ չէ, որ սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. Փաշինյանը կողմ է 
կառավարման համակարգը չփոխելուն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենևին փաստ չէ, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի գործունեությունը կպսակվի սահմանադրական փոփոխություններով, իսկ, եթե այնուամենայնիվ, Սահմանադրության փոփոխություններ լինեն, ապա վարչապետ Փաշինյանի համոզմունքն է պահպանել խորհրդարանական կառավարման համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց  ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում:

«Ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան: Այն փաստը, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, ամենևին փաստ չէ, որ դրա գործունեությունը կպսակվի սահմանադրական փոփոխություններով: Հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ է այդ դեպքում ստեղծվում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով. մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել, թե ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան, կամ սահմանադրության աուդիտի բերումով գուցե օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնենք»,-ասաց վարչապետը:

Նա մի օրինակ բերեց՝ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ նախագահի հրաժարականը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում գրված է, որ 7-օրյա ժամկետում նախագահը կարող է հետ վերցնել դիմումը: Շատ լուրջ հակասություններ կան: Այսպիսով, եթե օրենքն ու Սահմանադրությունը հակասում են, ապա, ըստ Փաշինյանի, կարելի է օրենքի մեջ փոփոխություն անել: «Բայց նախ Սահմանադրությունն աուդիտի ենթարկենք, տեսնենք, թե ինչ այս կարգի խնդիրներ կան, և ի վերջո որոշենք՝ մենք գնո՞ւմ ենք այդ փոփոխություններին, թե՞ չենք գնում: Մենք կտեսնենք, թե ինչ նյութ է ձևավորվում հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, աուդիտի արդյունքում, որից հետո արդեն քաղաքական որոշումներ կայացնելու հերթը կգա»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե նախատեսվող փոփոխություններով նպատակ հետապնդվում է արդյոք փոխել կառավարման համակարգը, օրինակ՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգին՝ Փաշինյանը հայտնեց իր տեսակետը, որը, ըստ նրա, կարծես թե, ըմբռնում ունի նաև ՔՊ կուսակցության վարչությունում, խմբակցությունում:

«Իմ անձնական համոզմունքն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի: 2018-ի հեղափոխությունից հետո շատ էին փաստարկները և շատ կային մարդիկ, ուժեր, որոնք ինձ համոզում էին սահմանադրական փոփոխությունների գնալու, կիսանախագահական կամ նախագահական համակարգի անցնելու: Հասկանալի էր, որ 2018 թվականից հետո այդ կարգի փոփոխություններով մեզ համար մեծ հավանականություն կար, որ դա կանցներ, և մեծ հավանականություն կար, որ այդ ընտրություններից հետո ես կհաղթեի նախագահական ընտրություններում: Բայց ես դեմ եմ արտահայտվել դրան՝ ասելով, որ նոր համակարգ է, և անընդհատ սահմանադրական փոփոխություններ անելը լավ բան չէ»,-ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ևս տեսակետներ են եղել, որ կառավարման համակարգն է ձախողումների պատճառը, և ինքն էլ այդ ժամանակ մտածել է, որ գուցե թե պետք է լրջորեն այդ մասին մտածել: «Բայց հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարեցինք և մեզ հաջողվեց լիարժեք ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել, հետահայաց վերլուծելով ես հասկացա, որ եթե մենք խորհրդարանական կառավարման համակարգում չլինեինք, մեծ էր հավանականությունը, որ մենք շատ լուրջ ցնցումների միջով կանցնեինք, և ի վերջո, ճգնաժամն ավելի կխորանար, այլ ոչ թե կհաղթահարվեր»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջին դեպքն էր, երբ ընտրությունները լուծեցին ներքաղաքական ճգնաժամը, բանավեճը, ոչ թե ընդհակառակը՝ նոր ճգնաժամ հարուցելու պատճառ դարձան: Այսպիսով` Փաշինյանի համոզմամբ՝ կառավարման համակարգի փոփոխություններ չպետք է արվեն, խորհրդարանական կառավարման համակարգը պետք է պահպանվի, սակայն, քանի որ թեման կա, ինքը դա քննարկելի է համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]