Դիվանագետներին տրամադրվող դրամական փոխհատուցումը կվերանայվի
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հունվարի 20-ի նիստում գործադիր որոշում կայացրեց փոփոխություն կատարել օտար երկիր ծառայության մեկնող դիվանագետներին տրամադրվող փոխհատուցումը սահմանող որոշման մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք սահմանում է, որ օտար երկիր ծառայության մեկնող դիվանագետներին պետք է տրվի փոխհատուցում: Դրա չափը սահմանող կառավարության որոշումն ընդունվել է 2014 թվականին և այդ սանդղակում այս ընթացքում փոփոխություն չի իրականացվել:
«Մինչդեռ, պայմանավորված քաղաքական, տնտեսական, ֆինասական այլ գործոններով, բազմաթիվ երկրներում մեր կողմից տրվող փոխհատուցումը չի համապատասխանում տվյալ երկրում անհրաժեշտ նվազագույն ծախսերին ու կենսամակարդակին: Ահա մենք այս նախագծով առաջարկում ենք փոփոխություն կատարել որոշման մեջ: Մեր առաջարկվող փոփոխության հիմքում ընկած է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը: Այս ծախսերը նախատեսել ենք պետական բյուջեում: Այն և՛ կառավարությունը, և՛ ԱԺ-ը հավանության են արժանացրել»,-նշեց Արարատ Միրզոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագծի քննարկումն ու ընդունում առաջին հայացքից կարող է թվալ խիստ անպատեհ:
«Բնական ռեակցիա կարելի է համարել այն, որ մենք երկրում ունենք բազմաթիվ խնդիրներ, սոցիալական սրվող հարցեր ու մենք զբաղված ենք դիվանագետների դրամական բավարարման խնդիրների լուծումով, դատաիրավական համակարգում աշխատավարձերի որոշակի բարձրացման գործընթացով: Միևնույն ժամանակ մեզ քննադատում են, որ սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար գումար չենք նախատեսել: Ես ուզում եմ այս թեմայով կառավարության դիրքորոշումը պարզաբանել: ՀՀ կառավարությունը 2020-ին 2021-ին, այսօր էլ կանգնած է բավական լուրջ մարտահրավերների առաջ, առերեսվել ենք աղետալի իրադարձությունների, բայց մենք պետք է հասկանանք տեղի ունեցածի խորքային պատճառները: Դրա առանցքային և սկզբունքային պատճառը ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, որը մենք ունեցել ենք, ունենք: Անկախության 30 ամյակն ենք նշել նախորդ տարի: Որոշ շրջանակների կողմից փորձ էր արվում ամեն ինչ անել տորպեդահարելու պրոցեսը: Մենք 30 տարվա անկախությունից ի վեր արձանագրում ենք, որ դիվանագիտական ծառայության կազմակերպման գործում ունենք խորշեր» ,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասնելով իր դիտարկումները, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-2019 թվականի դրությամբ դիվանագիտական ծառայության որոշ օղակներ ֆինանսավորել են անհատների գրպանից: Խնդիրները վերհանելով՝ կառավարությունը որոշել է առաջին հերթին ինստիտուցիոնալ բացերը կարգավորել:
«Մենք աննախադեպ չափերով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը: Մեր գիտությունը խրոնիկ ձևով թերֆինանսավորվել է: Կրթության, կապիտալ ծախսերի, ժողովրդագրության ոլորտում հսկայական միջոցներ ենք ներդնում: Մեր առաջնահերթությունը պետության ինստիտուցիոնալ կայացումն է, իհարկե, սոցիալական հարցերը ևս ռազմավարական առաջնահերթություն են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: