Քաղաքականություն

Սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են պայմանները. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են պայմանները. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով դեռևս չի ձևավորվել, քննարկվում են պայմանները, որոշակի հանգամանքներ կան պարզելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Թագուհի Ղազարյան հարցին, թե արդյոք կա՞ կոնկրետ պայմանավորվածություն՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

«Առայժմ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ երբեմն պատահական, տեխնիկական պատճառներով տեղի ունեցող բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում»,-ասաց Միրզոյանը:

Հանձնաժողովի ստեղծման կոնկրետ ժամկետների հարցում հստակություն չկա, սակայն, ըստ նախարարի, կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է: Որոշակի հանգամանքներ կան պարզելու, համաձայնեցնելու: Դրանից հետո հանձնաժողովը կարող է ձևավորվել և աշխատել:

Նախորդ տարի Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում