Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար կլինի
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար կլինի, որովհետև դա եղել և լինելու է գործիք արտաքին որոշ դերակատարների ձեռքին՝ Հայաստանի պետականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը թույլ չտալու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարել է ԱԺ-ում ունեցած ելույթում։
Վարչապետն ասել է, որ Ղարաբաղի հարցը արտաքին որոշ դերակատարներ միշտ օգտագործել են Հայաստանի պետականությունն ու անկախությունը թույլ չտալու համար։
«Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես ասում ենք, որ ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա, ցավոք, շատ ուշ ենք հասկացել, իսկ ընդդիմությունը, ըստ էության, ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ և իմաստ է ունեցել և ունի՝ ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել՝ անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա»,-եզրափակեց Փաշինյանը։