ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ 1 միլիարդ 746 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանը, 2021 թվականի դեկտեմբերից մեկնարկել են դպրոցական հին շենքի ապամոնտաժման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին։ Հունվարի վերջերից կսկսվի նորակառույց շենքի շինարարությունը, որը պայմանագրով նախատեսված է ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում։
«Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման եւ հին շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվեց 2018 թվականի սեպտեմբերից, 528 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։ Նախատեսվում էր տարրական դասարանների համար կառուցել նոր մասնաշենք եւ հիմնանորոգել հին շենքը։ Տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքի կառուցումը ավարտի հասցվեց 2020 թվականի դեկտեմբերին, որի համար ծախսվեց շուրջ 360 միլիոն դրամ, սակայն հին շենքի հիմնանորոգումն այդպես էլ չձեռնարկվեց, քանզի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն վթարային է եւ հիմքից կառուցելու անհրաժեշտություն է առաջացել։ Այդ պատճառով էլ որոշվեց ապամոնտաժել հին շենքը եւ կառուցել նոր դպրոցական շենք։ Նախագծով այն ունենալու է շուրջ 7 հազար քմ մակերես, 6 մասնաշենք, որոնցից մեկը՝ տարրական դասարանների մասնաշենքը, հիմնովին կառուցված է եւ պատրաստ է շահագործման, սակայն, ելնելով շինհրապարակի մոտիկությունից եւ երեխաների կյանքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, այդտեղ դասեր չեն անցկացվի՝ մինչեւ նորակառույց շենքի շինարարությունն ամբողջապես չավարտվի։
Նորակառույց շենքը, բացի տարրական դասարանների մասնաշենքից, ունենալու է նաեւ հիմնական ու ավագ դպրոցների համար նախատեսված մասնաշենքեր, մարզադահլիճ, վարչական մաս, ճաշարան եւ նիստերի դահլիճ։ Ընդհանուր առմամբ, ունենալու ենք 33 դասարան՝ 970 աշակերտի համար։ Այսօրվա դրությամբ ունենք 885 աշակերտ եւ նախակրթարան հաճախող 77 երեխա։ Նախորդ տարվա դեկտեմբերից արդեն մենք դասաժամերն անցկացնում ենք այլ շենքերում։
1-4-րդ դասարանների 360 աշակերտները դասերն անցկացնում են Ներքին Գետաշենի բնակիչ Գագիկ Հովհաննիսյանին պատկանող «Գարիկ» ՍՊԸ մասնավոր շենքում, որը հարմարեցվել է դասասենյակների, իսկ 5-12-րդ դասարանների աշակերտները հաճախում են թիվ 2 միջնակարգ դպրոց՝ դասաժամերը սկսելով կեսօրից հետո։ Արվել է հնարավորը, որպեսզի դպրոցական պարապմունքների ընթացքը ոչ մի կերպ չխաթարվի։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք արդի չափորոշիչներին համապատասխան ու շքեղ դպրոցական շենք, որը հայրենի կառավարության կողմից անգնահատելի նվեր կլինի Ներքի Գետաշենի հասարակությանը»,-նշեց դպրոցի տնօրենը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում են «ԱՐՍԵՎ» ՍՊԸ շինարարները։
Խոսրով Խլղաթյան