Մեր առջև դրված առաջնահերթ խնդիրներից մեկը երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան
1 րոպեի ընթերցում
![Մեր առջև դրված առաջնահերթ խնդիրներից մեկը երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1072852.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կառավարության հունվարի 13-ի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք. ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, մեր երկրի և տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ»,- նշեց վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր:
«Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավելևս՝ պատերազմից և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը: