Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը մեկնարկել է
1 րոպեի ընթերցում
![Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը մեկնարկել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1072655.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հավանություն է տվել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերին ու ազդարարել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի մեկնարկի մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթը հայտարարվել է 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գնումների էլեկտրոնային հարթակում (ECEPP):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 15-ն է:
2022 թվականի սկզբին ակնկալվում է վերահսկող ինժեների և ծրագրին աջակցող խորհրդատուի մրցույթների մեկնարկ ևս:
2020թ․ փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից: Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը: