Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց ՀՀ ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հունվարի 5-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում հանդես եկող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով այս երեք անձանց 2019-ին քաղաքացիություն է շնորհվել:
Նրանց կառավարության որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: