Երևանում և հարակից տարածքներում կիրականացվի կենդանիների դիակների հավաքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանումև հարակից տարածքներում կիրականացվի անկած կենդանիների դիակների հավաքում, անկած վայրի ախտահանման, ինչպես նաև անկած կենդանիների դիակների այրում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման որոշում է կայացվել Երևանի ավագանու դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստում:
Նախագծում նշվում է, որ վերջին տարիներին Երևան քաղաքում թափառող կենդանիների մոտ գրանցվել են մարդու և կենդանիների համար խիստ վտանգավոր հիվանդության դեպքեր, ինչպիսիք են լեյշմանիոզը, որը կենդանուց մարդուն է փոխանցվում մլակների միջոցով: «Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտ է կիրառել հակահամաճարակային կանխարգելման միջոցառումներ, հատկապես անկած թափառող կենդանիների դիակների հավաքման, վայրի ախտահանման, տեղափոխման և դիակների այրման ուղղությամբ:
Այս միջոցառումը հնարավոր է իրականացնել մասնագիտացված կառույցի, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով, որն ունի անհրաժեշտ մասնագիտական հմտությունները և կարողությունները»,- նշեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը: