Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,- նշել է Հունանյանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման թեմային՝ նշելով, որ հեռախոսազրույցների ընթացքում կողմերը կհամակարգեն քննարկումների ճշգրիտ ամսաթիվը։ Նա հավելել է, որ հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում, իսկ իրենք կողմ են Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին:
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը, և այս պահին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկխոսությունն ավելի արդիական է թվում։