Երևանում կտեղադրվի 50 ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր՝ անհետաձգելի օգնության համար
4 րոպեի ընթերցում

Երևանի Հրապարակի մետրոյի գետնանցումում ապրիլի 29-ին կայացավ «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնության պաշտոնական բացման արարողությունը։ Այսպիսով, Երևանը դարձավ տարածաշրջանի առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման ինովացիոն ծրագիր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Աբովյանը, նախագծի ղեկավար Անի Դավթյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում պաշտոնապես ազդարարվեց ծրագրի մեկնարկը և ներկայացվեց ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների աշխատանքը՝ ցուցադրություն կատարելով մանեկենի վրա, որին հաջորդեց դեֆիբրիլյատորի տեղադրումը հատուկ նախատեսված տուփում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում կարևորեց նախաձեռնության նշանակությունը՝ ընդգծելով, որ դեֆիբրիլյատորների տեղադրումը հանրային տարածքներում առաջին օգնության անհետաձգելի ցուցաբերման արդյունավետ միջոց է։
«Երևանի քաղաքապետարանը, կարևորելով յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու կյանքը, ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը հանրային տարածքներում։ Այս սարքերը նախատեսված են անհետաձգելի իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու համար և կարող են բառացիորեն փրկել կյանքեր մինչև բժշկական թիմերի ժամանումը։ Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում»,- նշեց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հավելեց, որ դեֆիբրիլյատորները տեղադրվելու են փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային վայրերում՝ առողջապահական աջակցության նոր մակարդակ ստեղծելու նպատակով։
Ավինյանն ընդգծեց նաև, որ նման ծրագրերը նպաստում են հասարակության միասնականության և փոխօգնության մշակույթի զարգացմանը՝ շեշտելով, որ Երևանը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ ու մաքուր, այլև առողջ և անվտանգ քաղաք բոլորի համար։
ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանն իր հերթին նշեց, որ «Պաշտպանված սրտի քաղաք» ծրագիրը մեկնարկել է ՀԵՆԱՐ հիմնադրամի, Philips Foundation-ի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում՝ հիմնական նպատակ ունենալով ստեղծել համակարգ, որը հնարավորություն կտա արդյունավետորեն փրկել մարդկանց կյանքեր:
«Այս պահին տեղադրված է 20 դեֆիբրիլյատոր, և մոտակա երկու շաբաթվա ընթացքում կտեղադրվի ևս 30-ը։ Մենք արդեն ունենք շուրջ 500 վերապատրաստված կամավոր, իսկ մինչև տարվա վերջ նախատեսում ենք այդ թիվը հասցնել 2000-ի՝ ստեղծելով անհրաժեշտ կրիտիկական քանակությամբ կամավորների ցանց»,- նշեց Արման Ոսկերչյանը։
Նա ընդգծեց նաև Երևանի շտապօգնության ծառայության և Երևանի պետական համալսարանի հետ ձևավորված համագործակցությունը, որի հիման վրա իրականացվում են վերապատրաստման ծրագրեր կամավորների համար:
«Ծրագիրն իրականում մասնավոր-պետական համագործակցության հաջողված օրինակ է, որը նպաստում է նոր քաղաքային կառավարման մշակույթի ձևավորմանը՝ ընդգրկելով թե՛ անհատներին, թե՛ կազմակերպություններին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին և կոչ անում միանալ այս շարժմանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք Երևանը կդարձնենք իսկապես պաշտպանված սրտի քաղաք»,- հավելեց նա։
Նախաձեռնության նպատակն է սրտի հանկարծակի կանգի դեպքում բարձրացնել փրկվելու հավանականությունը՝ ապահովելով ճիշտ գործիքներ, տեխնոլոգիաներ և ներգրավելով վերապատրաստված կամավորների։