Մշակույթ

Քոչարի և Վերվերի. Պարային ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

2 րոպեի ընթերցում

Քոչարի և Վերվերի. Պարային ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում ապրիլի 29-ին ժամը 18:00-ին կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական Քոչարի երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ 

Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում:

Ազատության հրապարակում ելույթով հանդես կգան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» և Հայաստանի պարի  պետական անսամբլները, ինչպես նաև «Բերդ» պարային անսամբլը։ Հյուսիսային պողոտայի և Եվրոպայի հրապարակում հանդես կգան Սոֆի Դևոյանի դպրոցի սաները, Հանրապետության հրապարակում՝ Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պարային խմբերը, իսկ նախարարության հարակից տարածքում՝ «Նանե դանս շոու» խմբի սաները: Ֆլեշմոբը տևելու է կես ժամ՝ ժամը 18:00-18:30:

ՀՀ մարզպետարանները նախապես տեղեկացվել են միջոցառման մասին․ մարզերում ևս կգործեն պարային ֆլեշմոբի հարթակներ։ Երևանում և մարզերում կազմակերպվել են նաև պարի ուսուցման դասընթացներ դպրոցներում: 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պարին նվիրված հանրային արշավը նպատակ ունի հանրահռչակել պարարվեստը՝ խրախուսելով ազգային պարերը։ Պարային ֆլեշմբի մասնակիցները պարելու են Քոչարի և Վերվերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում