Հասարակական

Հայաստանում կա 1500-ից ավելի էլեկտրամոբիլ և 80-ից ավելի լիցքավորման կայան

4 րոպեի ընթերցում

Հայաստանում կա 1500-ից ավելի էլեկտրամոբիլ և 80-ից ավելի լիցքավորման կայան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ կա 1500-ից ավելի էլեկտրամոբիլ, 80-ից ավելի լիցքավորման կայան, որոնցից 25-ը գործարկվել է «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, 100-ից ավելի լիցքավորման գլխիկներ, լիցքավորման ցանցեր զարգացնող 4 ընկերություններ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամից, վերոնշյալ տվյալները ներկայացվել են «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի փակման միջոցառումը։

«Միջոցառմանը ներկա էին պաշտոնական ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից, միջազգային կառույցներից, ինչպես նաև ծրագրի շահառուները, գործընկերները և աջակիցները։

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանն իր խոսքում ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը և վերջին տարվա ձեռքբերումները։ Ինչպես նաև նշեց, որ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շնորհիվ ԷՀԳ հիմնադրամը ճանաչվել է Energy Globe Award-ի Ազգային հաղթող։ Իր խոսքի վերջում տիկին Վարդանյանը շնորհավորեց բոլոր էներգետիկներին օրվա կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Դերձյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է ծրագրի նպատակները, ակնկալիքները և արդյունքները, ինչպես նաև հետագա շարունակականությունը տվյալ ուղղությամբ:

«Միջոցառմանը շնորհակալական խոսքով հանդես եկավ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Սվետլանա Հարությունյանը, նշելով, որ ծրագրի արդյունքներն իսկապես շատ գոհացուցիչ են, դժվարին ճանապարհ է անցել ծրագիրը և շատ ծավալուն աշխատանք է կատարվել։ Հավելելով, որ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը առաջինն է և դեռ միակը, որ արժանացել է Energy Globe Award-ի մրցանակին»,- հայտնում են հիմնադրամից։

Կառույցի տեղեկացմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը շնորհակալագիր է հանձնել Plug.am նախագծի անձնակազմին` ծրագիրն իրականացնելու և հանրապետությունում էլեկտրական մեքնեաների շահագործման համար բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ գործադրած ջանքերի և կատարված աշխատանքի համար:

Նշվում է, որ «Plug.am՝ Էլեկտարական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենանով Էլեկտրամոբիլների համար նախատեսված լիցքավորման կայանների տեղադրման միջոցով նպաստել օդի աղտոտվածության նվազեցմանը, խթանել ենթակառուցվածքների զարգացումը՝ ստեղծելով նախադրյալներ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար։ Ծրագիրը ֆինանսավորվել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից: Ծրագրի համաֆինանսավորողը և իրականացնողն է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը։

Արդյունքում, տեղադրվել են 25 լիցքավորման կայաններ՝ 3-ը Երևանում և Հայաստանի Հարապետության մարզերում։ Ծրագրի ընթացքում նաև մշակվել է Հայաստանում տեղադրված բոլոր լիցքավորման կայանների մասին նոր բջջային հավելված, որը հասանելի է Google Play (https://bit.ly/2Yl08lK) և App Store (https://apple.co/3l6n9S1) հարթակներում։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում