Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 21ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1912 թ. դեկտեմբերի 21-ին Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրաձայնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

-1917 թ. դեկտեմբերի 21-ին Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը։

-1920 թ. դեկտեմբերի 21-ին ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը` այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը։

-1955 թ. դեկտեմբերի 21-ին մահացել է Գարեգին Նժդեհը՝ հայ ռազմաքաղաքական, պետական գործիչ, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և բոլշևիկյան զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։ 2016 թ. մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության 98-ամյակի առթիվ Երևանում բացվել է Գարեգին Նժդեհի արձանը։

-1851 թ. դեկտեմբերի 21-ին ծնվել է Արփիար Արփիարյանը՝ արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր։ Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին։

-1913 թ. դեկտեմբերի 21-ին ամերիկյան «Ֆան» հանդեսում տպագրվեց առաջին խաչբառը:

-1964 թ. դեկտեմբերի 21-ին մահացել է Մովսես Արազին՝ հայ գրող, արձակագիր, նաև թարգմանիչ (ծնվ.՝ 1878 թ.):

-1940 թ. դեկտեմբերի 21-ին ծնվել է Նվարդ Ավագյանը՝ հայ բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող։

-1998 թ. դեկտեմբերի 21-ին մահացել է Հրայր Մարուխյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։

-1375 թ. դեկտեմբերի 21-ին մահացել է Ջովաննի Բոկաչչոն՝ իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ (ծնվ.՝ 1313 թ.):

-1937 թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ առաջին լիամետրաժ՝ Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան («Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր»-ի ըստ 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում):

-1968 թ. դեկտեմբերի 21-ին «Ապոլոն 8» տիեզերանավը Երկրից Լուսին թռիչք կատարեց. դարձավ առաջին տիեզերանավը, որ ապահով վերադարձավ Լուսնից:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում