Քաղաքականություն

Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել Է Իսլամաբադում, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստից հետո։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։

Վրաստանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձեւաչափով փոխնախարարների մակարդակով հանդիպմանը չի մասնակցել, հաջորդ հանդիպմանը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:

«Վրաստանը չի մասնակցել, բայց մենք նախատեսում ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում եւ հավատում ենք, որ Վրաստանը եւս կմասնակցի այդ հանդիպմանը», - նշել է Չավուշօղլուն:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրել էին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում