Մաքսային, հարկային ծառայողների ընդունելությունը կանցկացվի նոր ընթացակարգով. ՊԵԿ-ի նոր նախագիծը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է կատարել փոփոխություններ մաքսային և հարկային ծառայությունում աշխատակիցներ ընդունելու ընթացակարգում: Այդ առնչությամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացվեց հարկային և մաքսային ծառայությունների մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ համակարգում բազմաթիվ փոփոխություններ են լինում թվային գործիքների ներդրմամբ ու դա ենթադրում է նոր մասնագիտացում ծառայողների շրջանում: Մասնավորապես, մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի փոփոխությունները, որը ենթադրում է հայտարարագրերի ընդունում բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում բացառվելու է մաքսային մարմին-տնտեսվարող կապը: Այս փոփոխություններից ելնելով՝ մասնագետների վերապատրաստման, նոր մոտեցմամբ նրանց ընդունելու, վերապատրաստելու անհրաժեշտություն կա:
«Հարկային, մաքսային ծառայությունը տարբեր պարագաներում որոշակի նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանք է ենթադրում: Աշխատանքի ընդունման այսօրվա ընթացակարգերը, որոնցով մրցույթները կայանում են, կարելի է որակել ձևական, որովհետև դրանք, թեստավորման և հարցազրույցի միջոցով համակարգ ընդունված անձանց կողմից, պարտականությունները մասնագիտական գիտելիքներով կատարելու երաշխիք չեն տալիս: Մենք նախատեսել ենք ստեղծել ուսումնական կենտրոն, որի միջոցով պատրաստման ու վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն»,-ասաց ՊԵԿ Նախագահը:
Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նոր ընթացակարգն ամբողջությամբ ուժի մեջ կլինի 2024 թվականից, իսկ մինչ այդ, 2022 թվականի հունվարի 1-ից բոլոր այն ստորաբաժանումները, որոնք կվերակազմակերպվեն, արդեն այդտեղ ծառայողների ընդունելությունը կլինի նոր ընթացակարգով: