Հասարակական

Համերաշխություն, միասնություն. եզդիական համայնքը նշում է Կարմիր Սուլթան Եզիդի տոնը

3 րոպեի ընթերցում

Համերաշխություն, միասնություն. եզդիական համայնքը նշում է Կարմիր Սուլթան Եզիդի տոնը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիական համայնքը նշում է Կարմիր Սուլթան Եզիդի տոնը: Եզդի ժողովուրդն ունի իր սովորույթները, ավանդույթներն ու տոները, որոնք պահպանվել են դարեր շարունակ: Այս օրերին եզդիները նշում են իրենց նախահոր տոնը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ տոնի գլխավոր խորհուրդը համերաշխությունն ու միասնությունն է:

«Կարմիր Սուլթան Եզիդը, ըստ ավանդույթի, իջնում է երկիր խաղաղություն ու միասնություն հաստատելու համար: Յուրաքանչյուր եզդի, ով գժտված է, այդ օրը պարտավոր է հաշտվել: Չհաշտվողները չեն կարող եզդի համարվել»,- ասաց Խդր Հաջոյանը:

Կարմիր Սուլթան Եզիդի տոնը սկսվում է դեկտեմբերի 13-ին հաջորդող երեքշաբթի օրվանից: Բուն տոնը նշվում է տվյալ շաբաթվա ուրբաթ օրը, սակայն մինչ այդ եզդիները, ավանդույթի համաձայն, ծոմ են պահում, որը մաքրագործվելու խորհուրդ ունի:

Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ տոնի ավանդույթների համաձայն, նախ շնորհավորում են հանգուցյալներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց:

«Եզդիներն այցելում են հոգևորականի տուն, որտեղ սուրբ մասունք է դրված լինում: Միմյանց շնորհավորում են ու օրհնություն ստանում: Օրհնանքի խոսքն այսպես է լինում՝ Սուրբ Եզիդը ձեզ բերի բարօրություն, ազնվություն, երջանկություն և բախտավորություն: Օրհնություն լինի հայոց աշխարհին, հայոց պետականությանը»,- նշեց շեյխ Բրո Հասանյանը:

Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի խոսքով՝ Հայաստանում բավական բարենպաստ պայմաններ են ստեղծված ազգային փոքրամասնությունների համար՝ պահպանելու իրենց մշակույթն ու ավանդույթները: Նա ընդգծեց, որ այդ հարցում Հայաստանը միշտ է առանձնաց ել հատուկ վերաբերմունքով ու լավ օրինակ է շատ այլ երկրների համար:

«Իհարկե, ասել, թե խնդիրներ չկան, ճիշտ չի լինի: Մենք կարծում ենք, որ հասարակության լայն շրջանակը լավ տեղեկացված չէ, ծանոթ չէ մեր մշակույթին ու ավանդույթներին: Այդ համատեքստում լավ կլիներ Երևանում ունենայինք մշակույթի տուն: Այնտեղ կանցկացվեն ցուցադրություններ, կներկայացվի մեր ազգային տարազը, կլինեն միջոցառումներ՝ նվիրված մեր ծեսերին: Ինչու չէ, նաև կներկայացվեն գիտական աշխատանքներ»,- ասաց Խդր Հաջոյանն՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ համապատասխան աշխատանք տարվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում