Քաղաքականություն

Սոչիի ոչ հայտարարության մեջ, ոչ բանավոր մասում «միջանցքի» մասին նույնիսկ որևէ ակնարկ չկա. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Սոչիի ոչ հայտարարության մեջ, ոչ բանավոր մասում «միջանցքի» մասին նույնիսկ որևէ ակնարկ չկա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Սոչիի հանդիպումից հետո ևս դիմում է սահմանային սրացումների, հանդես գալիս վերջնագրերով, ժամկետ է ուզում, թե իրեն երբ պետք է տան «միջանցք», սակայն այդ մասին Սոչիի հայտարարության մեջ նույնիսկ որևէ ակնարկ չկա, չի էլ եղել բանավոր մասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին․ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Անդրադառնալով Սոչիի հանդիպմանը՝ Մեհրաբյանը հիշեցրեց, որ այնտեղ ընդունվել է թվով երորրդ հետպատերազմական հայտարարություն: «Դա ֆիքսեց 4 փաթեթ կամ ենթափաթեթ այս գլոբալ խնդրում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, որը 30 տարի շարունակ չի հանգուցալուծվում: Նաև ֆիքսվեց, որ այդ 4 փաթեթները պետք է լուծում ստանան մեկը մյուսից առանձին»:

Նա նկատեց՝ սահմանազատման և սահմանագծման հարցում որոշվել է շարժվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ: «Պարզ է, որ սա տարիներով տևող գործընթաց պետք է լինի, որովհետև դա տարածաշրջանում ամենաերկար սահմանն է»,-նշեց քաղաքագետը:

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցի լուծման համար ստեղծվել և գործում է փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը, որում այդ հարցը պետք է լուծում ստանա: «Առաջնորդների բանավոր հայտարարությունից դա էր բխում»,-նկատեց նա:

Ըստ Մեհրաբյանի՝ երրորդ փաթեթը, հումանիտար հարցերն են, ռազմագերիների վերադարձը, վստահության կառուցման հարցերը: Մեհրաբյանը նկատել է՝ կողմերը բանակցությունները վարում են, բայց վստահության մինիմալ անհրաժեշտ մակարդակն ապահովված չէ: «Եվ այս հայտարարությամբ այս հարցերի լուծման մեխանիզմները մնում են անորոշ»,-ասաց նա:

Չորրորդ փաթեթը, ըստ նրա, բուն Արցախի հարցն է: Քաղաքագետը նկատել է վերջին հայտարարությունում դրան անդրադարձ ընդհանրապես չկա: Դրա լուծմանը կոչված է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, սակայն դրան էլ անդրադարձ չկա:

«Սոչիից հետո, սակայն, պարզ դարձավ, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացում հանձնաժողովի ստեղծման հետ կապված նշմարվող գործընթաց չկա, խոսակցություն կա, բայց գործընթաց չկա: Իսկ Բաքուն իր հերթին գնում է սահմանային սրացումների, Սոչիից հետո կան զոհեր և վիրավորներ: Բաքուն սկսել է հանդես գալ վերջնագրերով, ժամկետ է ուզում, թե իրեն երբ պետք է տան միջանցք: Դրա մասին էլ այդ հայտարարության մեջ նույնիսկ որևէ ակնարկ չկա և չի էլ եղել բանավոր մասում»,-ասաց քաղաքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում