Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է շտապօգնության աշխատակիցների աշխատավարձի բարձրացում․Ավանեսյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուժաշխատողների վարձատրության հետ կապված բարեփոխումները հանդիսանում են Կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարությանը ուղղված հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին շտապօգնության աշխատակիցների ցածր աշխատավարձերի վերաբերյալ։
«Մեզ համար,իհարկե, մշտապես բուժաշխատողների աշխատանքի պայմանները և վարձատրության չափերը վերանայման շրջանակներում են գտնվում, բայց պետք է հարցը դիտարկել ոչ թե առանձին դեպքերին արձագանքելու մեջ, այլ համակարգային փոփոխությունների մեջ։ Չենք կարող հատուկենտ որոշումներ կայացնել և որոշակի միջոցառումներ ձեռնարկել։ Կառավարության ծրագրով հաստատված է, որ մեր բուժաշխատողների աշխատավարձերը առաջիկա տարիներին համընթաց պետք է բարձրանա և դա ,միանշանակ, պետք է կապված լինի նրանց որակավորման և նրանց մասնագիտական գիտելիքների թարմացման, նրանց կողմից մատուցված ծառայությունների և բժշկական օգնության հստակ չափորոշիչների բարելավման արդյունքում»,- ասաց Ավանեսյանը։
Ըստ Առողջապահության նախարարի՝ շտապօգնության ծառայության աշխատակիցների հարցով նախարարությունը մշտապես կապի մեջ է Երևանի քաղաքապետարանի գործընկերների հետ և փորձում են նաև այս համակարգային բարեփոխումների շրջանակներում գտնել հնարավոր աշխատանքների բարելավման մեխանիզմները։
«Դա վերաբերվում է ինչպես զբաղվածությանը,իրենց հագեցվածությանը, այնպես էլ մի շարք այլ հանգամանքներին։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսվում է և տոկոսային առումով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում»,- եզրափակեց Ավանեսյանը։