Դա չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությանը. Փաշինյանը՝ Խծաբերդում, Հին Թաղերում Ադրբեջանի ագրեսիայի մասին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խծաբերդում և Հին Թաղերում մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանի ապօրինի գործողությունները չեն համապատասխանել եռակողմ հայտարարության դրույթներին և տրամաբանությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ 1 տարի առաջ ադրբեջանական զորքերը բռնազավթել են Հադրութի շրջանի երկու գյուղեր՝ Խծաբերդը և Հին Թաղերը, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական վերահսկողության ներքո, մոտ մեկ տասնյակ զոհ եղավ, 62 անձ գերեվարվեց, որոնց մի մասը դեռևս չի հայրենադարձվել: «Փաստացի տեղի ունեցավ գործընթաց, որը որևէ ձևով չէր տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,-ասաց Աբրահամյանն ու հետաքրքրվեց, թե արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղավորվում էր այդ երկու գյուղերի հայկական լինելը:
Փաշինյանը նախ իր հարգանքի և խոնարհումի խոսքերն ասաց այն զինվորներին, որոնք Հին Թաղերում զոհվել են:
« Նշված հանգամանքներում 9 զինվոր, 9 հերոս մինչև վերջ կանգնել է և իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի: Այդ դրվագի հետ կապված քրեական գործ կա հարուցված: Չեմ ուզում դատական համակարգի հետ կապված մեկնաբանություն անել, բայց փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը»:
Այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, գաղտնի պարունակող մի շարք տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության, հետաքննության առարկա դառնան:
Տիգրան Աբրահամյանը կրկին ճշտեց դիրքորոշումը՝ կառավարությունն ընդունո՞ւմ է, որ ադրբեջանական քայլերը տեղի են ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս: Պատգամավորի մոտ տպավորություն է ստեղծվել, թե այդ դեպքով փորձ է արվում 1-2 տարբեր ցածր օղակների՝ զինվորականների վրա պատասխանատվություն բարդել:
Փաշինյանն էլ վստահեցրեց, որ դա սխալ տպավորություն է, քանի որ այդ թեման շատ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ կապ ունեցող թեմա է: «Եվ եթե մենք համարեինք, որ այդ իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխանում է, իմ նշած նահատակներն այդ դիրքերում կանգնած չէին լինի: Եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է՝ մենք համարում ենք, որ այդ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը»,-ասաց Փաշինյանը: