Հասարակական

Սա ոչ թե աշխատանք կորցնելու, այլ մարդկանց կյանքեր փրկելու մասին է. Թորոսյանը՝ նոր նախագծի մասին

2 րոպեի ընթերցում

Սա ոչ թե աշխատանք կորցնելու, այլ մարդկանց կյանքեր փրկելու մասին է. Թորոսյանը՝ նոր նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի վստահեցմամբ՝ Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում գործատուին ընդհուպ աշխատանքից ազատելու իրավունք տվող օրենքի նախագիծը ոչ թե աշխատանք կորցնելու, այլ մարդկանց կյանքեր փրկելու մասին է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոսյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության նախագծի քննարկմանը:

Նա հիշեցրեց՝ մոտավորապես նման կարգավորում՝ նախարարի հրաման գործում է հոկտեմբերի 1-ից՝ նկատի ունենալով աշխատող քաղաքացիների համար պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու պահանջը: «Եվ այդ հրամանի շնորհիվ է, որ մենք հոկտեմբերի 1-ից ունենք պատվաստումների շեշտակի աճ՝ ի հակառակ մեր ընդդիմադիր գործընկերների այն պնդումներին, թե դա որևէ արդյունք չի տվել: Ես ուզում եմ պնդել, որ այսօրվա մեր ունեցած հարաբերականորեն ավելի բարձր պատվաստման ցուցանիշը նաև հենց այդ պարտադրանքի արդյունքն է»,-ասաց Թորոսյանը:

Քննադատություններ են հնչել, թե նման պարտադրանքը չի կարելի դրվել նախարարի հրամանով, օրենք է պետք: Պատգամավոր նշեց՝ այսպիսով նախատեսում են օրենքով սահմանել դա:

«Սա աշխատանք կորցնելու մասին չէ, սա մարդկանց կյանքեր փրկելու մասին է: Եվ պետությունն ունի պարտավորություն՝ փրկել այն մարդկանց կյանքը, որոնք օրինակ ունեն պատվաստվելու բժշկական հակացուցում և պետք է գնան աշխատանքի: Եվ նրանք չպետք է ռիսկի տակ լինեն այն մարդկանց կողմից, որոնք տարբեր անհիմն համոզմունքների պատճառով չեն ուզում պատվաստվել»,-ասաց Թորոսյանը:

Նա կոչ արեց չնենգափոխել օրենքի նպատակն ու նշանակություն. դա օրենք է կյանքի և առողջության մասին:

ԱԺ ներկայացված նախագծով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, հետո որոշակի ժամանակ աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում