Մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, նշելով, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավոր փոփոխություն է կատարվել ճանապարհային երթևեկության սխեմայում։ Վրաստանի սահմանից դեպի Վանաձոր ուղղությամբ մեքենաները հիմնանորոգվող կամուրջը կարող են շրջանցել Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհով։ Իսկ Վանաձորից դեպի Վրաստանի սահման ուղղությունը վարորդները կարող են անցնել գործող երկրորդ կամրջով։
Նշվում է, որ զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո կիրականացվի երկրորդ կամրջի նորոգումը։