Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

ՀՀ-ն դիմում է ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով

ՀՀ-ն դիմում է ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային 
ամբողջականությունը պաշտպանելու կոչով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար Ռուսաստանին դիմելու գործընթաց է սկսում՝ երկրների միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակներում: 

«Արմենպրես»-ի փոխնցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք կարևոր ենք համարում ընդգծել՝  քանի որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանին Հայաստանի  և Ռուսաստանի  միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- հայտարարեց Գրիգորյանը:

Հարցին՝ սա բանավոր դիմո՞ւմ է, թե գրավոր ընթացակարգով էլ դիմել են, Գրիգորյանը պատասխանեց. «Սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու: Մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում: Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը:

Նա հավելեց՝ բազմաթիվ անգամ խոսվել է, որ ՀՀ պետական սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար: Արմեն Գրիգորյանը նշեց, որ մայիսի 12-ից սկսած՝  ադրբեջանցիները խախտում են այդ կարմիր գիծը: «Այս առումով մեր դաշնակցին դիմում ենք, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին՝ այդ օգնությունը ենթադրում է բանակցություններին մասնակցություն, թե՞ զինված ուժերով օգնություն. Գրիգորյանն արձագանքեց. «Եթե հնարավոր լինի այս իրավիճակը լուծել բանակցային ճանապարհով, ապա բանակցային ճանապարհով լուծել, եթե հնարավոր չի լինում լուծել բանակցային ճանապարհով, ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որպեսզի ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»,- նշեց նա:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]