Հասարակական

Ընդլայնվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումների շրջանակը. Տիգրան Մարկոսյան

5 րոպեի ընթերցում

Ընդլայնվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումների շրջանակը. Տիգրան Մարկոսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տնտեսական մրցակցության բնագավառի իրավախախտումների թվում անբարեխիղճ մրցակցության դեպքերն ունեն բավականին մեծ տարածում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը

««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, (այսուհետ Օրենք) սահմանում է անբարեխիղճ մրցակցության հասկացությունը, որի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռքբերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները»,- անբարեխիղճ մրցակցության ընդհանուր բնութագիրն ու դրսևորումներ ներկայացրեց հանձնաժողովի անդամը:

Նրա խոսքով՝ անբարեխիղճ մրցակցություն առկա է Օրենքի 16-րդ հոդվածի ընդհանուր բնորոշմամբ սահմանված պայմանների, մասնավորապես՝

1) Օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասելու և

2) տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները խախտելու առկայության ցանկացած դեպքում։

Միաժամանակ, Օրենքի 17-24-րդ հոդվածներում նախատեսվել են անբարեխիղճ մրցակցության հատուկ դրսևորումներ, որոնք են՝

տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը,

անբարեխիղճ մրցակցությունը` կապված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման և օգտագործման հետ,

մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ դրսևորվող անբարեխիղճ մրցակցությունը,

տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը,

հասարակության մոլորեցումը,

տնտեսավարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը,

անտեղի համեմատությունների կատարումը,

անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ:

Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ հատկանշական է, որ 2021 թվականի մայիսի 31-ից գործող խմբագրությամբ Օրենքով ընդլայնվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորումների Օրենքով սահմանված շրջանակը: Մասնավորապես, սահմանվել են քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման և օգտագործման հետ կապված, ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները։

«Հարկ է նշել նաև , որ անբարեխիղճ մրցակցության առանձին դրսևորումներ պարունակում են նաև քաղաքացիական իրավախախտման հատկանիշներ, սակայն, ի տարբերություն դրանց, մրցակցության իրավունքի տեսանկյունից կարևորվում է նաև այդ խախտումների ազդեցությունը մրցակցության վրա»,- ընդգծեց Մարկոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պատասխանատվության միջոցներ են կիրառվում անբարեխիղճ մրցակցության իրավախախտման համար, պատասխանեց.

«Անբարեխիղճ մրցակցության համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք։ Ընդ որում, անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը»:

Միևնույն ժամանակ, տնտեսավարող սուբյեկտի նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև հինգ տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում