ՔՊ խմբակցության ղեկավարը և ԱՄՆ դեսպանը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգև լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հայկ Կոնջորյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների հարաբերություններում: Նա բարձր է գնահատել Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում:
«Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցին: Խմբակցության ղեկավարը խոսել է նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
ՀՀ ԱԺ-ի տեղեկացմամաբ՝ Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն էապես կարող է նպաստել արդյունավետ փոխգործակցության խորացմանը: