ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում». ծրագրի մարզային մեկնարկ
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանում տեղի ունեցավ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկը Տավուշի մարզում։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ տկն․ Սիլյա Կասմանը, ՀայաստանումՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ տկն. ՆաթիաՆացվլիշվիլին,ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագիտական խմբի ղեկավար պրն․Մորթեն Հարտվիգսենը, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Տավուշի մարզային կառույցներից, համայնքների և բնակավայրերի կառավարման մարմիններից, բիզնես համայնքից,քաղաքացիական հասարակությունից և կրթական ոլորտից։
Միջոցառման նպատակն էր մասնակիցներին, ծրագրի թիրախային խմբերին, պոտենցիալ շահառուներին և հանրության լայն շերտերին ներկայացնել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի նպատակները, խնդիրները, նախատեսված միջոցառումները և մինչ այժմ իրականացված գործողությունները։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ տկն․Սիլյա Կասմանը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝ վերահաստատելով Եվրոպական միության հանձնառությունն օժանդակելու Հայաստանում համաչափ տարածքային զարգացմանը: Նա նշել է, որ տեղական և մարզային զարգացումը հանդիսանում է ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթություններից, Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և 2021-27թթ ԵՄ-Հայաստան համագործակցության ինդիկատիվ գործողությունների պլանի առանցքային մաս։
«ԵՄ-ն լայնածավալ ծրագրեր է իրականացրել Տավուշի մարզում՝ նպատակ ունենալով զարգացնել ՓՄՁ-ները, տուրիզմը, գյուղատնտեսությունը։ Այս ծրագիրը ևս կնպաստի համայնքների կայուն սոցիալ տնտեսական զարգացմանը՝ հիմնվելով ԵՄ երկրներում փորձարկված և հաջողությամբ կիրառվող «LEADER» մեթոդաբանության վրա»։
Ողջույնի խոսքում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն․ Նաթիա Նացվլիշվիլին ասել է.
«Որպես ծրագրի հիմնական իրականացնող ՝ ՄԱԶԾ-ն կկիրառի տասնամյակների իր հարուստ փորձն՝ ուղղված գյուղական համայնքների զարգացմանը։ Ավելին, Հայաստանում առաջին անգամ փորձնական կարգով կկիրառվի Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) մեթոդաբանությունը, որն արդյունավետորեն փորձարկվել և հաջողությամբ իրականացվել է եվրոպական շատ երկրներում: Մենք վստահ ենք, որ մեր գործընկերների՝ Եվրոպական միության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ազգային այլ շահագրգիռ կողմերի հետ միասին ձեռնամուխ կլինենք Հայաստանի հյուսիսային մարզերում էապես ազդեցիկ գյուղական զարգացմանը: ՄԱԶԾ-ն կապահովի ծրագրում ներգրավված համայնքների և բնակավայրերի բարձր ներառականությունը և մասնակցությունը, որոնք հետագայում կդառնան համայնքային զարգացման օրակարգերի և հզորացմանն ուղղված ծրագրերի ջատագովներն ու մշակողները»:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագիտական խմբի ղեկավար պրն․Մորթեն Հարտվիգսենը, ներկայացնելով կազմակերպության առաքելությունն՝ ուղղված գյուղատնտեսության զարգացմանը և պարենի ապահովությանը, նշել է, որ ՊԳԿ-ն, հանդիսանալով ծրագիրն իրականացնող կողմ, իր ջանքերն ուղղելու է դեպի ներառական համայնքային զարգացում՝ հաշվի առնելով գյուղական համայնքներում առկա հնարավորություններն ու խնդիրները և ապահովելով բոլոր ոլորտների ներառումը ծրագրում, մասնավորապես, ընդգրկելով փոքր և միջին ձեռնարկությունները ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև այլ ոլորտներում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար պրն․ Վաչե Տերտերյանը նշել է, որ ծրագիրը հույժ կարևոր է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում։
«Հայաստանի հյուսիսային մարզերում՝ շնորհիվ Եվրոպական միության և այլ գործընկերների ֆինանսավորման և կառավարության ջանքերի, իրականացվում են բազմազան զարգացման ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն իսկ շոշափելի են։ Տավուշն, ունենալով մեծ ներուժ տուրիզմի և այլ բնագավառների զարգացման համար, շնորհիվ «LEADER» ծրագրի կարող է իրագործել նոր գաղափարներ և արձանագրել հաջողություններ, հետագայում համագործակցությունն ընդլայնելով տարածաշրջանում և զարկ տալով Հայաստան-Վրաստան փոխգործակցությանը տուրիզմի զարգացման բնագավառում։ Ծրագիրը նոր մշակույթ և մտածելակերպ կձևավորի մարզային զարգացման համատեքստում»։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ևս շեշտել է ծրագրի կարևորությունը մարզի զարգացման համար՝ շնորհակալություն հայտնելով իրականացնող կողմերին և իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու և աջակցելու ծրագրի իրականացման գործընթացին։
Իր գործունեության 48 ամիսների ընթացքում ծրագիրը կնպաստի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը Լոռու և Տավուշի մարզերի համայնքներում և բնակավայրերում՝ տեղի բնակչության, ներառյալ փոքրամասնությունների ու խոցելի խմբերի, բիզնես համայնքի և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ և ներգրավմամբ: Այս ամենը կիրականացվի Լոռու և Տավուշի համայնքներից ու բնակավայրերից վերոնշյալ ներկայացուցիչներից կազմված Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորմամբ:
Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝ տարածքային զարգացման առնվազն հինգ ռազմավարական ծրագրերի մշակումը, հինգ Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորումը, շուրջ 1000 բնակչի համապատասխան հմտությունների զարգացումը՝ տեղական զարգացմանն ակտիվորեն նպաստելու համար, մարզային և կենտրոնական կառավարման մարմինների 70 ներկայացուցչի հմտությունների կատարելագործումը, շուրջ 150 տեղական նախաձեռնության ֆինանսավորումը։ Բացի այդ, Քովիդ-19 համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակներում ծրագիրն աջակցություն կցուցաբերի 160 ընկերության, կստեղծվի 200 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա շուրջ 3000 տեղացի բնակիչ։
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մասին
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրըֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։Ծրագիրը գործողությունները համակարգում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության«LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդումՏեղական դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստՀայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը։