Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1912 թ. նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգների նախագահ է ընտրվում Վուդրո Վիլսոնը: Ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921) դեմոկրատական կուսակցությունից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1919)։ Հայտնի է նաև որպես պատմաբան և քաղաքագետ, 1890-1902 թթ. եղել է Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1902-1910 թթ.՝ նույն համալսարանի ռեկտոր։ Վուդրո Վիլսոնը եղել է մոլի ավտոսիրող։ Նա ավտոմեքենայով ամենօրյա ուղևորություններ է կատարել՝ նույնիսկ արդեն նախագահի պաշտոնում։ Նախագահի այդ նախասիրությունն ազդել է հասարակական ճանապարհների կառուցման վրա։ Վուդրո Վիլսոնը եղել է նաև բեյսբոլի սիրահար։ Ուսանողական տարիներին նա խաղացել է ուսանողական թիմի կազմում, իսկ 1916 թ. դարձել ԱՄՆ-ի առաջին նախագահը, որ այցելել է բեյսբոլի աշխարհի առաջնություն։

-1914 թ. նոյեմբերի 5-ին Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարեց իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։

-1935 թ. նոյեմբերի 5-ին թողարկվեց «Մոնոպոլիա» խաղը։

-1992 թ. նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրեցին Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան։

-1927 թ. նոյեմբերի 5-ին ծնվել է Վանուշ Խանամիրյանը` պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։ 1968-1992 թթ. ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։ Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ՝ «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը»: 2000-ից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, որը 2009-ից կրում է իր անունը։ 2004 թ. ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010-ին՝ «Բարդիներ» պարախումբը:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում