Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Գուշակիր, որ արտիստն է դիմակի հետևում. «The Masked Singer» միջազգային շոուն Հայաստանում է

Գուշակիր, որ արտիստն է դիմակի հետևում. «The Masked Singer» միջազգային շոուն 
Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաբաթներ շարունակ Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողները, հետևելով «Դիմակահանդես» նախագծին, որն աշխարհում լայն տարածում գտած «The Masked Singer» շոուի ադապտացված տարբերակն է, կփորձեն բացահայտել, թե ովքեր են այն հայտնիները, որոնք բեմում են՝ թաքնված տարօրինակ դիմակների հետևում:

Հոկտեմբերի 31-ից սկսած ամեն կիրակի սպասված միջազգային շոուն կլինի եթերում:

«Դիմակահանդեսին» մասնակցում է 12 արտիստ: Նրանք հանրահայտ մարդիկ են՝ երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ և այլք: Կենդանիների, այլմոլորակայինների և այլ հետաքրքիր դիմակներով բեմում ելույթ ունենալով՝ նախագծի մասնակիցները փոխում են իրենց ձայները, որպեսզի ո՛չ հեռուստադիտողը, ո՛չ ժյուրիի անդամները, որոնք հանդես են գալիս որպես հետախույզներ, ո՛չ շոուին մասնակցող հանդիսատեսը հեշտությամբ չկռահեն իրենց ով լինելը:

«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը հնարավորություն են ունեցել մասնակցելու հեռուստաշոուի նկարահանումներին և զրուցելու նախագծի կայացման գործում կարևոր դերակատարություն ունեցող անձանց հետ: 

Հանրայինի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանի խոսքով՝ նման նախագծի ձեռք բերումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հանրայինը նոր եթերաշրջանում ծրագրերի բազմազանություն է ներկայացնում՝ գիտական, հանրամատչելի, մշակութային, ճանաչողական, երաժշտական և այլն: «Հեռուստադիտողները նաև ժամանցային թեթև բովանդակության կարիք ունեն, իսկ մենք առաջնորդվում ենք «Հանրայինը՝ հանրության համար» կարգախոսով: Մեր եթերում վաղուց այսպիսի մասշտաբային ժամանցային նախագիծ չի եղել:  Նախագծի վրա աշխատում է 120-ից ավելի մասնագետ»,- տեղեկացրեց Օհանյանը:

Անդրադառնալով անվանը՝ նա ասաց, որ միջազգային տարբերակները շատ են, սակայն իրենք կանգ են առել «Դիմակահանդեսի» վրա՝ հաշվի առնելով այն, որ բառը կարող է ասոցացվել մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»  ստեղծագործության հետ, որը Հայաստանի համար բրենդ է:

«Դիմակահանդեսի» ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Նա դիտել է հեռուստաշոուի բազմաթիվ տարբերակներ, սակայն իրեն հատկապես դուր է եկել ուկրաինական մոտեցումը: Ռեժիսորի խոսքով՝ հայկականը տարբերվելու է, սակայն պահպանվելու են նախագծի բոլոր կանոնները:

«Սա բավականին բարդ նախագիծ է՝ անգամ վախենալու: Չէի պատկերացնում, որ այն վերջնական տեսքի կգա, և մենք նման արդյունք կստանանք: Մեր երկրում կան տաղանդավոր մարդիկ՝ ոճաբաններ, դիզայներներ, այլ ոլորտների պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնց միջոցով շոուն իրականություն է դառնում: Արտիստները շատ ոգևորված են, և այդ ոգևորությունը նաև մեզ է փոխանցվում: Ինտրիգային է այն, որ անգամ մասնակիցները չգիտեն, թե ովքեր են մյուս մասնակիցները: Այդ գաղտնիությունը սպասման մեջ է պահում բոլորիս»,- շեշտեց Մանուկյանը:

Հեռուստաշոուի պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, իսկ Հանրայինն առաջին հեռուստաընկերությունը, որը կյանքի կկոչի «Դիմակահանդեսը»:

Ներկայացնելով հեռուստաշոուի կանոնները՝ նա ասաց, որ առաջին 4 հաղորդման ընթացքում 12 մասնակիցները բաժանվում են երկու խմբի, նրանք մրցում են, որպեսզի հայտնվեն հինգերորդ հաղորդման մեջ, որում ութ հոգի են լինելու: Ամեն հաղորդման ավարտին մասնակիցներից մեկը պետք է լքի նախագիծը, հանի դիմակը, և ժյուրիի անդամներն ու հեռուստադիտողը կտեսնեն, թե ով է դիմակի հետևում:

Նախագծի ժյուրիի անդամներն են Խորեն Լևոնյանը, Սոնան, Գարիկ Պապոյանն ու Իվետա Մուկուչյանը:

«Ժյուրիի անդամներին «հետախույզներ» ենք անվանում, քանի որ նրանք չեն գնահատում մասնակիցների ձայնային հնարավորությունները, այլ փորձում են բացահայտել նրանց: Ելույթից առաջ հուշող տեսաբացիկներ են ցուցադրվում: Հետախույզներն ուշադրություն են դարձնում նաև ձայնին, բայց մասնակիցները խորամանկ են. երբեմն միտումնավոր շարժվում են այլ արտիստի պես, երգում են այլ մարդու ձայնով»,- պատմեց Ծերունյանն ու հավելեց՝ եթե անգամ հետախույզը վստահ է, որ բացահայտել է մասնակցի ով լինելը, բայց հավանում է նրա ելույթները, կարող է վերջինիս թողնել նախագծում:

Մասնակիցների ելույթների համար ընտրվում են և՛ համաշխարհային, և՛ հայկական հիթեր, հաշվի են առնում նաև արտիստների նախասիրություններն ու ձայնային հնարավորությունները:

Երաժշտական պրոդյուսեր Անուշ Տեր-Ղուկասյանը նշեց՝ ներառել են անգամ հումորային և օպերային ստեղծագործություններ: «Մասնակիցները շատ ոգևորված են, ինչը կարևոր է, ունեն դրական ազդակներ, և դա է պատճառը, որ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում: Նրանք ձայնագրման ստուդիայում փորձում են փոխել իրենց ձայները, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը, սակայն ստացվում է»,- շեշտեց նա:

«Դիմակահանդես» նախագծի հետաքրքիր և վառ հանդերձանքների հեղինակներն են ոճաբան Արայիկ Գաբաջյանը, դիզայներ Արամ Նիկոլյանը և զգեստների նկարիչ Լիլիթ Մխիթարյանը: Շոուն վարում է Ֆելիքս Խաչատրյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի և Հանրային հեռուստաընկերության








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]