Հիմնանորոգվել է ջրատարի ներքին ցանցը, նվազագույնի են հասցվել խմելու ջրի կորուստները
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են խմելու ջրատարի 1 250 գծամետր ընդհանուր երկարությամբ ներքին ցանցը եւ օրվա կարգավորիչ ջրամբարը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճավան համայնքի ղեկավար Լյովա Գեւորգյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 13 միլիոն 500 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Լճավանի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին եւ ավարտվել հոկտեմբերին։
«Խմելու ջրատարի ներքին ցանցը Լճավանում կառուցվել է 1960-ական թվականներին չուգունե խողովակներով։ Նախորդ տարիների ընթացքում տարբեր ծրագրերով հիմնանորոգել ենք ներքին ցանցը, իսկ այս տարի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգեցինք մի թաղամասի 30 տնտեսությունները սնուցող գիծը եւ օրվա կարգավորիչ ջրամբարը։ Նույն ծրագրի շրջանակներում այն միաժամանակ ցանկապատվեց։ Այս ծրագրի իրականացման արդյունքում կարողացանք նվազագույնի հասցնել ջրի կորուստները եւ համայնքի համար ապահովել միանգամայն մաքուր ջրամատակարարում»,- պատմեց համայնքի ղեկավարը։
Խոսրով Խլղաթյան