Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում կներդրվի «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագիծը

Գեղարքունիքի մարզում կներդրվի «Վերականգնվող էներգիայի հասանելիություն 
Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագիծը

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է  ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի` սննդի արժեշղթաների ծրագրերի» համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար Վահան Առաքելյանին, որի ընթացքում խոսվել է Գեղարքունիքի մարզում  «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագծի ներդրման մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Վահան Առաքելյանը խոսել է  այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են հանրապետության տարբեր մարզերում եւ առաջիկայում կներդրվեն նաեւ Գեղարքունիքում:

Անդրադառնալով այցի բուն նպատակին՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրել է «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից իրականացվող «Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» նոր նախագիծը, որի մեկնարկը Գեղարքունիքի մարզում նախատեսվում է տալ առաջիկա օրերի ընթացքում:

«Ծրագիրը սննդի արտադրության ոլորտում գործող միկրոձեռնարկություններին հնարավորություն է տալու արեւային կայաններ տեղադրելու համար ստանալ 30 տոկոս սուբսիդավորում: Արեւային կայան ստացող միկրոձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արեւային կայանի արժեքի ընդամենը 10 տոկոսը: Արժեքի մնացած 60 տոկոսը միկրոձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում: Իրականացվող նախագիծը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության եւ եկամտի աճին: Ծրագրի առաջնահերթությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է այն միկրոձեռնարկությունների համար, որոնք փորձում են միջոցներ գտնել էներգետիկ ծախսերը նվազեցնելու համար»,- նշել է Վահան Առաքելյանը:

Ծրագրին կարող են դիմել նաեւ այն ձեռնարկությունները, որոնք ղեկավարվում են կնոջ, երիտասարդների, միայնակ ծնողի, հաշմանդամություն ունեցող անձի կողմից, այն գտնվում է գյուղական վայրում կամ Հայաստանում արտադրում է ոչ ավանդական սննդատեսակներ: Միկրոձեռնարկության աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 10-ը:

ՄԱԿ-ի  այս նախաձեռնության տեսլականն է՝ արեւային կայանները հասանելի դարձնել փոքր ձեռնարկությունների համար:

«ՊՀԾ-ի աջակցությամբ Հայաստանի 51 դպրոցներում արդեն իսկ տեղադրվել են արեւային կայաններ, ինչի շնորհիվ նվազել են կրթական հաստատությունների էլեկտրաէներգիայի ծախսերը՝ օգնելով նրանց խնայողություններ կատարել եւ հոգալ դպրոցի այլ կարիքները»,- ասել է Վահան Առաքելյանը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունել է ՄԱԿ-ի՝ մարզում նման ծրագրի ներդրման գաղափարը եւ պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու մարզից ծրագրի շահառուների հետ քննարկումների կազմակերպման, տեղեկատվության տարածման եւ այլ հարցերում:

Այնուհետև կողմերն անդրադարձել են  նույն ծրագրի միջոցով «Դպրոցամերձ գյուղատնտեսություն» ստեղծելու նախաձեռնությանը: Վահան Առաքելյանը հավաստել է, որ հաջորդ տարի այդ գաղափարը կներդրվի նաեւ Գեղարքունիքի մարզի այն դպրոցներում, որոնք օգտվում են ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրից:

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am