Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լազենկի թագավորական թանգարանի գանձերը ցուցադրվեցին Երևանում

Լազենկի թագավորական թանգարանի գանձերը ցուցադրվեցին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեհական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-ին Հայաստանի պատմության թանգարանի առջև բացվեց «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներում արվեստասերները կարող են տեսնել Լազենկի թագավորական թանգարանը, դրա ծաղկաջերմոցը, ամֆիթատրոնն ու կղզու վրայի պալատը, այլ ենթակառուցվածքներն ու յուրատիպ ցուցանմուշները:

«Թանգարանը բաղկացած է բազմաթիվ համալիրներից և հուշարձաններից: Այստեղ մեկտեղել ենք թանգարանի ամենաներկայանալի շենքերն ու ցուցանմուշները: Շատ տպավորիչ է Ֆրեդերիկ Շոպենի արձանը, որն այգում է՝ լճի վրա, գրավիչ է այն շենքը, որում բազմաթիվ հարսանիքներ են կազմակերպվում, ցուցադրված է նաև ամֆիթատրոնը, որը հիմնել է Ստանիսլավ Ավգուստը և պալատը, որը կառուցվել է ջրի վրա»,-պատմեց ծրագրի կազմակերպիչ Ագնեշկա Լաբենցը:

Նրա խոսքով՝ լեհերը շատ են սիրում հայերին և հույս ունեն, որ հայերն էլ իրենց են սիրում: «Մեր նպատակն է Հայաստանում առավել ճանաչելի դարձնել մեր մշակույթը: Կարծում եմ՝ այս ծրագիրն իր ներդրումը կունենա այդ գործում և կամրապնդի հայ-լեհական մշակութային կապերը,-ասաց նա և հավելեց, որ Լեհաստանում հայերը քիչ չեն: Նրանք էլ Հայաստանի օրեր են կազմակերպում Լեհաստանում:

Լազենկի թագավորական թանգարանը հաճախ բնութագրվել է որպես Վարշավայում ամենաերջանիկ վայր: Այն եղել է թագավոր Ստանիսլավ Ավգուստի ամառային արքայական նստավայրը: Թանգարանը համալրված է կլասիցիզմի ոճով մշակութային կոթողներով ու պատմական այգիներով:

Հայաստանում «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին: Այն անցկացվելու է մինչև հոկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Մաթեմատիկոսի արկածները» կինոնկարը, որին կհաջորդի հարց ու պատասխան, հոկտեմբերի 25-ին կրկին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ժեյա» ֆիլմը, իսկ «Օրեր և գիշերներ» կինոնկարի ցուցադրությունը կկայանա նույն կինոթատրոնում հոկտեմբերի 26-ին:

Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը» խորագրով ցուցահանդեսը։

«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա-համերգը կկայանա հոկտեմբերի 30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. հանդես կգան լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչը և Ռոշկո եղբայրները։ Կհնչեն Կարոլ Լիպինսկու և Վոյցեխ Կիլարի ստեղծագործությունները։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Նախագիծն իրականացնում են “Our Beat for Culture Foundation” (“Róbmy swoje dla kultury”, Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]