Հասարակական

Ձեզնով է պետության հիմքն ամուր, վաղվա օրը՝ որոշիչ. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Ուսուցչի տոնը

2 րոպեի ընթերցում

Ձեզնով է պետության հիմքն ամուր, վաղվա օրը՝ որոշիչ. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Ուսուցչի տոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն Ուսուցչի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս տոնը կոչված է առանձնակի կարևորելու և ընդգծելու ձեր վճռորոշ դերն ու պատասխանատվությունը թե՛ յուրաքանչյուր աշակերտի՝ որպես բազմակողմանի զարգացած, հայրենանվեր անհատ, թե՛ բարձրարժեք հատկանիշներով օժտված հասարակություն ձևավորելու գործում:

Ուսուցչի օրը չի սահմանափակվում այս տոնով. այն սկսվում է յուրաքանչյուր առավոտ՝ դասասենյակից և աշակերտական նստարանից: Ձեր գործը վարձահատույց է լինում ապագայով, կայուն ու անվտանգ պետության տեսլականի իրագործմամբ, հայրենիքի բարօրությամբ:

Շնորհակալ ու երախտապարտ եմ ձեզ ձեր բարդ ու միաժամանակ պատվաբեր աշխատանքի համար: Ձեզնով է պետության հիմքն ամուր, ձեզնով է վաղվա օրը որոշիչ: Ձեր դաստիարակած սերունդն էր, որ 44 օր շարունակ չերկնչեց ու անձնազոհաբար պաշտպանեց հող հայրենին՝ վառ պահելով հայրենասիրական ոգին:

Սիրելի՛ մանկավարժներ, ուզում եմ՝ վստահ լինեք, որ պետությունը ձեր կողքին է, ձեր աջակիցն է, և ընթացիկ բարեփոխումները միտված են բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու միջավայրը՝ ձեզ արժանի գնահատանքով:

Յուրաքանչյուրիդ մաղթում եմ բարօրություն, քաջառողջություն, աշխատանքում՝ ինքնաբավություն, կրկնակի ուժ ու եռանդ: Մեր անելիքը շատ է, կամքը՝ ամրակուռ:

Աստված պահապան բոլորիս»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում