Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիճքում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հուշարձանը

Լիճքում բացվեց  եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հուշարձանը

ԳԱՎԱՌ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հուշարձանը՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ թեմի հոգեւոր դասի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ  Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը,  Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, համայնքի երկու դպրոցների մանկավարժները եւ աշակերտները, Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

Արարողության մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը: Ապա օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: «Արարողության այս պահին մենք մտովի տեղափոխվեցինք 1 տարի առաջ, երբ թշնամին մեծ ուժերով լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, եւ մենք ազգովի պայքարի ելանք՝ մեր հայրենիքը պաշտպանելու համար: Թշնամու եմ մաքառող քաջերի շարքերում էին նաեւ Լիճք գյուղի զինվորները, որոնցից չորսը հերոսի փառքով պսակեցին իրենց անունները: Մենք ժամանակին կատարել ենք հերոսացած Արտյոմ Ավետիսյանի, Սարգիս Սրքոյանի, Վելգեմ Գեղամյանի ու Սաշա Կարապետյանի հոգեհանգստյան արարողությունները, սրտի անհուն ցավով նրանց հավերժություն ճանապարհել: Բայց հիմա նույն ցավի ու վշտի չափով էլ հպարտությունն է խոսում մեր սրտերում: Այս հուշարձանը մխիթարում ու սփոփում է լիճքեցիներին, առավելապես՝ զոհվածների ծնողներին ու հարազատներին:Հիմա մեր հերոսների հոգիները երկնային լույսերի միջից նայում են այս հոծ բազմությանը եւհպարտ կլինեն, որ իրենց գործն ապրում է, ապրում է իրենց հայրենիքը: Իսկ այս երեխաները միշտ կհիշեն հերոսների անունները, կոգեւորվեն նրանց մղած պայքարով: Սիրելի ծնողներ, խնդրանքս այն է, որ դուք երբեք չխոնարհեք ձեր գլուխները, այլ մենք ազգովի պիտի խոնարհվենք ձեր առջեւ, ձեր զավակների այն նվիրումի առջեւ, որի շնորհիվ այսօր կա մեր հայրենիքը»,-ներկաներին դիմեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Ապա ելույթով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Առաջին հերթին գլուխ եմ խոնարհում զոհված զինծառայողների ծնողների առաջ եւ ուզում եմ խնդրել, որ միշտ բարձր պահեք ձեր գլուխները, միշտ հպարտ զգաք ձեզ այն մտքից, որ ձեր զավակների նվիրումը հայրենիքին եղել է անսահման, որ այդ նվիրումից է կախված եղել հայրենիքի փրկությունը: Մենք ոչ միայն խոնարհվում  ենք նրանց սուրբ հիշատակի առջեւ, այլ նաեւ պարտավորվում՝ կառուցել այնպիսի հայրենիք, որի դեմ  այլեւս ոչ մի թշնամի չհամարձակվի հարձակվել ու մեզ նոր պատերազմներ պարտադրել: Մենք պիտի ունենանք այնպիսի հայրենիք, որտեղ դուք, մեր մյուս հայրենակիցները կապրեն բարօր, խաղաղ ու երջանիկ կյանքով:Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչել այս հուշարձանը, որը դարերին ու սերունդներին միշտ կպատմի մեր հերոսների սխրանքների մասին:Փառք ու պատիվ նրանց»,-ասաց Կարեն Սարգսյանը:

Լիճքի միջնակարգ եւ հիմնական դպրոցների աշակերտների ուժերով կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում խոնարհումի սրտառուչ խոսքեր հնչեցին  Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսներ Արտյոմ Վաղինակի Ավետիսյանի  Սարգիս Հովիկի Սրքոյանի, Վելգեմ Արագոնի Գեղամյանի եւ Սաշա Աշոտի Կարապետյանի անցած կյանքի, մարտական կենսագրությունների  մասին:Ներկաները ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին:

Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Արցախյան վերջին պատերազմում Լիճք համայնքը տվել է չորս զոհ, ինը վիրավոր: Պատերազմին համայնքից մասնակցել է 35 ժամկետային զինծառայող, 12 պահեստազորային, 10 կամավորական: 4 հոգի էլ մասնակցություն են ունեցել իրենց տեխնիկական միջոցներով: Հուշարձանի քանդակագործն է Վաչագան Հարությունյանը: Հուշարձանը տեղադրվել է համայնքի մուտքի մոտ, Հայրենական մեծ պատերազմի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանների կողքին:

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]