Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է  ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանի բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է  ներկայացրել ադրբեջանական զինված 
ծառայողների կողմից սահմանի բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ "Humanitarian Dialogue" միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը:

Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն նաև մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:

Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:

Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:

Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]