Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Սասուն Խաչատրյանն ազատվել է ՀՔԾ պետի պաշտոնից և նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Սասուն Խաչատրյանն ազատվել է ՀՔԾ պետի պաշտոնից և նշանակվել Հակակոռուպցիոն 
կոմիտեի  նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կառավարությունը որոշումներ է ընդունել Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու և 6 տարի ժամկետով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ սա կարևոր քայլ է Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ճանապարհին և մանրամասներ է ներկայացրել ընտրության ընթացակարգի վերաբերյալ:

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021թ. հուլիսի 1-ի թիվ 1055-Ա հրամանով ձևավորվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար մրցութային խորհուրդ: Մրցույթը հայտարարելուց հետո մասնակցության համար հայտ ներկայացրել էր 3 դիմորդ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Գեղամ Մկրտումյանը: Ս.թ. սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար հայտարարված մրցույթը, որտեղ առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը:»,- մանրամասնել է Արայիկ ՀԱրությունյանը:

Հարցի առնչությամբ Սուրեն Պապիկյանը նշել է.

«Հակակոռուպցիոն միասնական մարմնի ստեղծումը Կառավարության առաջնահերթություններից է: Հաշվի առնելով, որ տարբեր մարմիններ զբաղվել են հակակոռուպցիոն բացահայտման աշխատանքներով՝ հիմա մենք ստեղծում ենք մեկ միասնական մարմին: Վստահ եմ, որ ստեղծվող մարմինը կատարվող աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու»:

Նորանշանակ նախագահ Սասուն Խաչատրյանն էլ նշել է, որ կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, նաև՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներով:  Նրա խոսքով՝ կառույցը սկսելու է գործել առավելագույնը 36 օր անց, ինչը նախատեսված է անցումային դրույթներով: Այս ընթացքում 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով (խմբ. – այդ թվում նաև՝ օպերատիվ ստորաբաժանումը)  Հակակոռուպցիոն կոմիտեն  կսկսի գործել 2022թ. սկզբից:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]