Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը երրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց Արթուր Ղազինյանի թեկնածությանը։
«Պարոն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կամ ձեր թեկնածությունը, կամ այլ թեկնածուների։ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը կարտահայտեն համապատասխան գրությամբ»,-ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում երրորդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: