Մշակույթ

Երևանի Ռուսական թատրոնը «Գարդենիա» ներկայացմամբ կմասնակցի «Բելայա վեժա» միջազգային փառատոնին 

2 րոպեի ընթերցում

Երևանի Ռուսական թատրոնը «Գարդենիա» ներկայացմամբ կմասնակցի «Բելայա վեժա» միջազգային փառատոնին 

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը լեհ ժամանակակից դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցի «Գարդենիա» ներկայացմամբ կմասնակցի Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացվող «Բելայա վեժա XXV» միջազգային թատերական փառատոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերախմբի բեմադրությունը, որի հեղինակը Գոռ Մարգարյանն է, կներկայացվի սեպտեմբերի 12-ին Բրեստի ակադեմիական դրամայի թատրոնի բեմում:

Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը և Հռիփսիմե Նահապետյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:

«Գարդենիա» ներկայացումը նախատեսված է 16-ից բարձր տարիքի հանդիսականների համար: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2020-ի օգոստոսի 20-ին։

«Չորս կին, որ հայտնվել են նույն ընթացքի մեջ, չորսն էլ գեղեցիկ, չորսն էլ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ՝ անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը՝ այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա։ Հոգում ալիքվող փոթորիկները պոռթկում են ինչ-որ բան խմելու, ինչ-որ բան նկարելու տարօրինակ թվացող ցանկություններով։ Չորս տարբեր տարիքի կանայք, որոնք փնտրում են իրենց՝ այդպես էլ չիմանալով դրա մասին»,- ասվում է հաղորդագրության տեքստում: Թատրոնին կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Բելայա վեժան» Բելառուսում անցկացվող միջազգային թատերական փառատոն է: Փառատոնին հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլև տիկնիկային թատրոնները, ինչպես նաև տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային համույթներ ամբողջ աշխարհից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում