1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուսանողներն ու հղիները կարող են չպատվաստվել. մասնագետը մանրամասներ հայտնեց նոր պահանջի վերաբերյալ

Ուսանողներն ու հղիները կարող են չպատվաստվել. մասնագետը մանրամասներ 
հայտնեց նոր պահանջի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը մանրամասնել է, թե տնտեսվարողների աշխատողները որ դեպքերում կարող են չպատվաստվել:

«Արմենպրես»-ը Սիմոնյանի հետ զրուցել է Առողջապահության նախարարի՝ բոլոր տնտեսվարողների աշխատակիցների՝ պարտադիր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի հանձնման կամ պատվաստման նոր պահանջի վերաբերյալ, որը գործելու է հոկտեմբերի 1-ից:

Սիմոնյանը նշեց, որ աշխատանքի վայրերում սահմանափակումներ են մտցվում ոչ այն պատճառով, որպեսզի քաղաքացիները ստիպված պատվաստվեն, այլ այսպես արվում է ամբողջ աշխարհում:

«Աշխատանքի վայրում միմյանց վարակելու վտանգը շատ ավելի մեծ է, քանի որ այսօր տարածվում են մուտացված շտամներ: Պատվաստումների աճն ու սահմանափակումները մարդկանց մի օր կհանգեցնեն նրան, որ մեր երկրում էլ կունենանք կոլեկտիվ իմունիտետի գաղափար: Կարծում եմ, եթե ամբողջ աշխարհում հնարավոր լինի այդ գաղափարն առաջնային դարձնել, ապա հնարավոր կլինի ինչ-որ ձևով ազդել վիրուսի շրջանառության վրա: Բոլոր կառույցներում, լինեն դրանք մասնավոր սեկտորի, թե պետական, աշխատակիցները պետք է կամ թեստ հանձնեն 14 օրը մեկ կամ պատվաստված լինեն: Այս պահին, ոչ թե սահմանափակումներով նորություն ենք մտցրել, այլ կա իմունականխարգելման նորմատիվ իրավական փաստաթուղթ, որը ստեղծվել է ԱՀԿ-ի դիրքորոշումից ելնելով»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ կան բացարձակ հակացուցումներ, երբ մարդ պատվաստվել է որևէ պատվաստանյութով և ունեցել է ծանր անաֆիլակտոիդ շոկ, ապա հաջորդ, նույնանման հիվանդության դեմ կիրառվող պատվաստանյութն այլևս չի ստանալու:

«Այսօր դա արդիական է նաև կորոնավիրուսային հիվանդության առումով: Կան նաև ժամանակավոր հակացուցումներ, երբ քաղաքացու մոտ այդ պահին միջին ու ծանր ընթացքով սուր հիվանդություն է, ինչպես նաև քրոնիկ հիվանդության սրացում է նկատվում: Տվյալ անձինք չեն պատվաստվում այնքան ժամանակ, մինչև կառողջանան: Այս ամենը փաստագրում է միայն բժիշկը: Կան հիվանդներ, ովքեր բուժվում են ստացիոնարում կամ պոլիկլինիկայում, արդյունքում բուժող բժիշկների կողմից տրվող որոշումները թույլ են տալիս հակացուցելու կամ չհակացուցելու պատվաստումը: Օրինակ, եթե մարդու մոտ ախտորոշվել է բրոնխիտ կամ թոքաբորբ, ապա ժամանակավոր նրան տրվում է քաղվածք, որ այդ պահին հակացուցված է պատվաստվել»,- ասաց մասնագետը:

«Եթե տեղամասային բժիշկը դժվարանում է եզրակացություն տալ հակացուցումների վերաբերյալ, ապա նրան օգնում է հանձնաժողովը, որը քննարկելու արդյունքում կտա քաղվածքը: Դեղորայքից, քիմիական տարբեր նյութերից կամ սննդից ալերգիա ունեցողների դեպքում կարող են լինել հակացուցումներ, սակայն նրանք պետք է պարտադիր թեստավորվեն ամսական 2 անգամ՝ սեփական գումարով»,- ասաց Սիմոնյանը: 

Խոսելով նաև այն կանանց, ովքեր բուժում են ստանում, որպեսզի կարողանան երեխա ունենալ, մասնագետը շեշտեց, որ ցանկացած դեպքում, երբ անձը բուժում է ստանում՝ պատվաստումը հակացուցված չէ:

«Սուր հիվանդություն, եթե չունեն, սակայն բուժում են ստանում որևէ հիվանդությունից կամ հղիանալու համար, միևնույնն է կարող են պատվաստվել: Անգամ գինեկոլոգների հետ ենք զրուցել, նրանք նույնպես պնդում են, որ պատվաստումը չի խանգարում այդպիսի պարագայում: Այն պահանջը, որը գործելու է հոկտեմբերի 1-ից, հղիների դեպքում մոտեցումը փոխվել է՝ իրենց չի վերաբերվում: Թողնում ենք նրա գիտակցության վրա, եթե նա հասկանում է, որ ռիսկի խմբում է գտնվում, ապա կարող է պատվաստվել: Եթե չի ցանկանում պատվաստվել, ապա նա բերում է թուղթը հղիության մասին և կարող է անգամ չպատվաստվել»,- նշեց Սիմոնյանը և հավելեց, որ ուսանողները համալսարանում դասի գնալով կարող են չպատվաստվել, նրանք նույնպես բացառություն են կազմում:

Նա ընդգծեց, որ պատվաստումների սկսելու փուլի հետ համեմատ այժմ մեծացել է պատվաստվողների թիվը, մարդիկ ավելի պատրաստակամ են դարձել: Սիմոնյանը շեշտեց, որ իրազեկումը, շրջապատի մարդկանց պատվաստումը, ինչպես նաև օտարերկրացիների ներգրավվածությունը պատվաստումների գործընթացում հասարակությանը հանգեցրել են այն համոզման, որ անպայման պետք է պատվաստվել:

«Վերջին օրերին օրական 5000-7000 պատվաստում է իրականացվում ողջ հանրապետությունում: Սա խոսում է այն մասին, որ մարդկանց գիտակցությունը բարձրացել է: Այսօր արդեն հանրապետությունում ունենք մի պատկեր, որ կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշը սկսել է բարձրանալ, քանի որ շրջանառվում է նաև «դելտա» շտամը, որը բավականին արագ է զարգանում: Մինչ այսօր վարակիչ հիվանդությունները կանխարգելել ու կառավարել ենք պատվաստումների միջոցով»,- նշեց Սիմոնյանը:

 Հայաստանում օգոստոսի 26-ին կորոնավիրուսի դեմ իրականացվել է 7114 պատվաստում, ընդհանուր առմամբ իրականացվել է  267 հազար 504 պատվաստում:

 Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]