ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ մեկտեղ կազմակերպել են միջոցառում՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան:
Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված միջոցառումը մեկնարկեց MVF Band-ի հետաքրքիր կատարումներով, որին հաջորդեցին երիտասարդ առաջնորդների ոգեշունչ պատմությունները, որոնք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շնորհիվ հնարավորություններ են ստացել սովորելու և զարգացնելու տարբեր ոլորտների իրենց գիտելիքները: Միջոցառման ժամանակ ԱՄՆ աջակցության ծրագրերին մասնակցած 8 հաջողակները ներկայացրին իրենց փորձը, հաջողությունն ու խորհուրդները:
Այդ ծրագրերի հաջողակներից է Անին, ով ծնվել է Աշնակ գյուղում, ունեցել է ֆինանսական ու սոցիալական մեծ խնդիրներ, բայց դրանք հաղթահարել է, հետո սովորել Սորբոնում, բայց հիմա վերադարձել է սեփական գյուղ ու ցանկանում է զարգացնել տուրիզմը Հայաստանում: Անին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ հյուրատուն է բացել իրենց գյուղում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդ Ամիրա Իսմայիլը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ դեսպանատունը բազմաթիվ ծրագրեր ունի հայ երիտասարդների համար, կրթական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև ԱՄՆ համալսարաններում սովորելու հնարավորություն է ընձեռում: «Մենք նաև օգտագործում ենք մեր հնարավորությունները այստեղ բերելու մեր լավագույն մասնագետներին, որոնք իրենց գիտելիքներով և փորձով կաջակցեն հայ երիտասարդներին էլ ավելի զարգացնել իրենց գիտելիքները: Մենք արդեն ունենք ավելի քան հինգ հազար շրջանավարտ, որոնք մասնակցել են Ամերիկայի կառավարության կողմից կազմակերպած ծրագրերին: Մեր այսօրվա միջոցառման նպատակն է երիտասարդների ձայնը լսելի դարձնելու հարթակ տրամադրելը»,- ասաց Ամիրա Իսմայիլը: