Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

COVID-19. Պոլիկլինիկաներում պատվաստումային ակտիվություն է. մարդկանց շրջանում կոտրվել է կասկածի մթնոլորտը

COVID-19. Պոլիկլինիկաներում պատվաստումային ակտիվություն է. մարդկանց շրջանում 
կոտրվել է կասկածի մթնոլորտը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները վերջին շրջանում բավական ակտիվացել են: Եթե ամիսներ առաջ հերթեր էին շարժական պատվաստումային խմբերի մոտ, այն էլ պատվաստողները հիմնականում զբոսաշրջիկներ էին, ապա վերջին ամսվա ընթացքում բավական հերթեր են լինում պոլիկլինիկաներում, իսկ պատվաստվողների գերակշռող մասը տեղացիներ են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ղեկավար Արտակ Ջումայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսից արդեն բավական մեծ շարժ է նկատվում: Եթե ընթացիկ տարվա ապրիլի 13-ից մինչև մայիսի վերջ իրենց պոլիկլինիկայում ընդհանուր պատվաստվել էր մոտ 2 հազար 300 մարդ, այդ թվում օտարերկրացիներ՝ կացություն ունեցող ուսանողներ, պայմանագրային աշխատողներ, ապա հունիս ամսին արդեն 2500 մարդ էր պատվաստվել, իսկ հուլիսին՝ 4 հազարից ավելի, որտեղ գերակշռող մասը ՀՀ քաղաքացիներն են:

«Այս պահին, օրվա կտրվածքով, աշխատանքային օրերին, միջինը մեզ մոտ պատվաստվում է 120 մարդ: Մի պահ մեզ մոտ ակտիվ էին թիրախային խմբերը, խրոնիկ հիվանդները, ներկայում ակտիվություն նկատվում է երիտասարդների շրջանում, անկախ նրանից ունեն խրոնիկ հիվանդություն, թե չունեն: Մենք սկզբնական շրջանում ունեցանք խնդիրներ, երբ մեր քաղաքացիները կասկածանքով էին մոտենում այդ ամենին, այսօր արդեն այդ սառույցը կոտրվել է, և դիմողները շատ են: Արձանագրենք այն փաստը, որ վախի, կասկածի մթնոլորտը կոտրվել է մարդկանց շրջանում: Նախկինում շատերի մոտ կար պատվաստվելու ցանկություն, սակայն կար նաև կասկածամտություն: Այս պահին, հանրապետությունում ունենալով պատվաստվածների ինչ-որ քանակ, երբ 200 հազարի շրջակայքում է, 60 հազարից ավելին արդեն 2-րդ դեղաչափն է ստացել, դա արդեն վստահություն է ներշնչում, մարդիկ համոզվում են»,-ասաց Արտակ Ջումայանը:

Նա նկատեց, որ նախկինում օրական կատարում էին հարյուրավոր զանգեր՝ քաղաքացիներին հրավիրելու պատվաստվելու,  արձագանքում էր 10-15 տոկոսը: Այսօր և ինքնակամ դիմելիությունն է ավելացել, և բժիշկների զանգերին արձագանքողների թիվը:  

Պատվաստվողների շրջանում ակտիվության գրեթե նույն պատկերը կա նաև Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում: Պոլիկլինիկայի տնօրենի տեղակալ, իմունականխարգելման գործընթացի ղեկավար Անահիտ Պիվազյանը նշեց, որ օր օրի կորոնավիրուսի դեմ պատվաստողների թիվն ավելանում է:

«Ինքներդ միջանցքում տեսաք կուտակումները: Եթե սկզբում օրական պատվաստվում էր 10-20 հոգի, ապա այսօր 100-ին մոտ պատվաստում ենք անում: Ինչպես գիտեք նախարարի հրամանով պոլիկլինիկաներում իրավունք ունեն պատվաստվելու ՀՀ քաղաքացիները և օտարեկրյա այն անձինք, որոնք ունեն կացության քարտ: Պատվաստվածների կառուցվածքը դիտարկելով՝ կարող ենք ասել, որ տեղացիները բավական շատ են: Մեզ մոտ միջինից բարձր տարիքային խմբում է ակտիվություն նկատվում»,-ասաց Անահիտ Պիվազյանը: Պոլիկլինիկան աշխատում է գործընթացն այնպես կազմակերպել, որ կուտակումներ չլինեն՝ նախապես կատարելով գրանցումներ:  Այդուհանդերձ, ի հաշիվ դրսի պացիենտների, որոնք հաշվառված չեն տվյալ պոլիկլինիկայում, հերթեր են գոյանում:

Մարո Հովակիմյանը, ով նկարահանման պահին պատվաստվում էր կորոնավիրուսի դեմ, առաջին դեղաչափն էր ստանում: Նա վճռական էր տրամադրված և կարծում է, որ պատվաստվելով հնարավոր կլինի ստեղծված իրավիճակը հաղթահարել:

«Իմ ցանկությունն է, ուզում եմ անպայման պատվաստվել: Եթե բոլորը պատվաստվեն, ապա դուրս կգանք այս վիճակից: Պետք է վստահել բժիշկներին ու կազմակերպել մասսայական պատվաստում»,-ասաց Մարո Հովակիմյանը՝  նշելով, որ իր շրջապատում ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք պատվաստվել են կամ հետաքրքրվում են առաջիկայում դա կատարելու համար:

Օֆիկ Տոնոյանն արդեն երկրորդ դեղաչափն է ստանում: Առաջին դեղաչափի ժամանակ որևէ լուրջ բարդություն չի եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ որևէ մտահոգություն չունի: Կարևորելով պատվաստման գործընթացը՝ նա նշեց, որ դա է ճիշտ լուծումը:

Մասնագետները նկատեցին, որ մինչ այժմ պատվաստվողների շրջանում որևէ լուրջ բարդություն չի գրանցվել: Եղել է միայն այն, ինչ բնորոշ է հետպատվաստումային շրջանում՝ թուլություն, ջերմության բարձրացում, մկանային ցավ:

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ` կատարվել է 194 902 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 132 529, երկրորդ դեղաչափ` 62 373։

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:  Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:  Պատվաստումներն անվճար են:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]