Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Սեւան քաղաքում իրականացվում է հեծանվային մշակույթի արմատավորման ծրագիր

Սեւան քաղաքում իրականացվում է  հեծանվային մշակույթի արմատավորման ծրագիր

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանցիներն ու քաղաքի հյուրերը նկատել են, որ քաղաքի մի քանի հատվածներում տեղադրվել են հեծանվային կայանատեղիներ, որոնք  sevanVELOtime նախագծի մի բաղադրիչն են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Սեւանում հեծանվային մշակույթի արմատավորման ծրագիրը  սկսվել է  ամիսներ առաջ, երբ  «Սեւանի մշակութային կենտրոն»-ի աշխատակից Հերմինե Անդրիկյանը մասնակցել է ՀԲԸՄ-ի «Բարեփոխի՛ր համայնքդ» ծրագրին, որն անցկացվում էր ՀԲԸՄ-ի` «Կանանց հզորացման նախաձեռնության» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընթացքում երեք լավագույնները, որոնց թվում էր Հերմինե Անդրիկյանը, արժանացել են դրամաշնորհի, որի օգնությամբ էլ պետք է իրականացնեին բարեփոխման ծրագրեր իրենց համայնքներում:

«Այս օրերին Սեւանում Հերմինեի եւ նրա համախոհների կողմից իրականացվում է արդիական այս նախագիծը` հեծանիվ վարելու դասընթացների կազմակերպումից մինչեւ մրցաշարեր, հեծանվային կայանատեղիների կահավորումից մինչեւ հեծանվային մշակույթի ձեւավորում: Սեւան համայնքը, որ միշտ եղել է առողջ ապրելակերպի առաջամարտիկ, sevanVELOtime նախագծի իրականացման ընթացքում, ՀԲՄԸ-ի «Բարեփոխի՛ր համայնքդ» ծրագրի շրջանակներում, ձեռք է բերել բրենդային բարձրակարգ հեծանիվներ։ Հեծանիվ վարելը մշակույթ է, որ պետք է ինտեգրվի մեր համայնք՝ քարոզելով առողջ ապրելակերպ, կարեւորելով բնապահպանական նշանակությունը, բեռնաթափելով երթեւեկությունը: Սեւանի հեծանվային դեմքն ամբողջացնելու համար դեռ շատ անելիքներ կան, իսկ գլխավորն արդեն ընթացքի մեջ է, որի նպատակն է՝ կանանց եւ աղջիկներին ներգրավել այս գործընթացում: Հերմինեն վստահ է, որ Սեւանը դառնալու է հեծանվային կենտրոն, իսկ սեւանցի կանայք ու աղջիկներն իրենց օրինակով կոտրելու են շատ կարծրատիպեր: Այդ ճանապարհին իրականացվող հերթական քայլը Սեւանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվող հեծանվավարման անվճար դասընթացներն են։

Օգոստոսի 12-ին էլ` Երիտասարդության միջազգային օրը, Սեւան քաղաքում առաջին անգամ անցկացվելու է սիրողական հեծանվասպորտի մրցաշար։ Մրցաշարն անցկացվելու է 3 խմբերի համար՝ կանայք եւ աղջիկներ, երիտասարդ տղաներ, երեխաներ: Մասնակիցների գրանցումն արդեն սկսված է։ Մրցաշարի մեկնարկը տրվելու է Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքից։ SevanVELOtime նախագիծը կանանց եւ աղջիկների առօրյան հետաքրքիր, բովանդակալից դարձնելու ինքնատիպ հնարավորություն է, որի շնորհիվ Սեւանում հեծանվային մշակույթը, հեծանվավարությունը կդառնան առօրյայի բաղկացուցիչ մաս»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]