Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ հանդիսատեսը չափազանց ջերմ է. «Հանդիպում Երևանում» համերգը հայրենիք է բերել երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից

Հայ հանդիսատեսը չափազանց ջերմ է. «Հանդիպում Երևանում» համերգը հայրենիք է 
բերել երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանդիպում Երևանում» խորագրով համերգային ծրագիրը, որի շրջանակում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիան՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի», իր շուրջ է համախմբել արտերկրում ապրող և ստեղծագործող ճանաչված արտիստների:

Համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ են ունենալու Բելգիայից Հայաստան ժամանած ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչեց Շուշիի հրետակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության կատարումից հետո և Մարիաննա Շիրինյանը Դանիայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն, որը տեղի կունենա հուլիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը մասնակցել է համերգի փորձին և զրուցել  երաժիշտների հետ, որոնք պատմել են երաժշտական գործիքի ընտրության, արտերկրում հասած հաջողությունների և առաջիկա համերգից սպասելիքների մասին:

Հրաչյա Ավանեսյանը երկու տարեկան է եղել, երբ ծնողները նկատել են, որ սիրում է երաժշտություն: «Հեռուստացույցով Չայկովսկու անվան մրցույթն եմ դիտել և չափազանց մեծ ուշադրությամբ եմ ունկնդրել ջութակահարներին, իսկ դաշնակահարներին լսելիս լաց եմ եղել: Երբ խոսել եմ սովորել, ասել եմ, որ ցանկանում եմ ջութակ նվագել: Ծնողներս կողմ չէին այդ գաղափարին, քանի որ բոլորին է հայտնի՝ երաժշտի մանկությունը շատ է տարբերվում. դժվար է համադրել բակում ֆուտբոլ խաղալն ու պարապելը, բայց երբ ջութակահար դառնալու որոշումս հստակ էր, ամեն բան արեցին, որ կարողանամ հնարավորինս առաջ գնալ, հաջողությունների հասնել»,-պատմում է երաժիշտը:

Որպես մենակատար Ավանեսյանն արտերկրում հանդես է գալիս մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ և հեղինակավոր բեմերում, իսկ եղբոր՝ թավջութակահար Սևակ Ավանեսյանի հետ հիմնել է «Ավանեսյան տրիոն», որը հանրությանն է ներկայացնում կամերային լավագույն ստեղծագործությունները՝ չմոռանալով հայ կոմպոզիտորներին: «Տրիոն հիմնել ենք ուսանողական տարիներին, երբ ես, եղբայրս և դաշնակահար Ժուլիեն Լիբերը սովորում էինք Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական քոլեջում: Հաճախ ենք նվագում Առնո Բաբաջանյանի Դաշնամուրային տրիոն, որը դարձել է մեր նվագացանկի առանցքը: Շատերի համար այդ ստեղծագործությունը բացահայտում է: Մեզ լսելուց հետո մարդիկ ցանկանում են այն սովորել, նվագել»,-շեշտում է Ավանեսյանը:

Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ սպասվող համերգին՝ ջութակահարը հիշեցնում է, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր դասընկերն է: Տասը տարի սովորել են միասին: «Նվագախմբի 60 տոկոսը կամ իմ դասընկերներն են, կամ զուգահեռ դասարանի ընկերները: Էմոցիոնալ առումով ինձ համար միշտ հետաքրքիր է և կարևոր նրանց հետ նույն բեմում լինելը: Առաջին անգամ նվագախմբի հետ հանդես եմ եկել 2010 թվականին: Ուրախ եմ, որ կրկին ելույթ կունենամ Սիմֆոնիկի հետ և ուրախ եմ, որ մեզ են միացել Սևակն ու Մարիաննան»,-նշում է նա ու հավելում, որ Մարիաննայի հետ ծանոթացել է Դանիայում և 2008 թվականից հանդես են եկել բազմաթիվ համերգներով:

Մարիաննա Շիրինյանն էլ խոստովանում է, որ հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը միշտ սիրով է սպասում: «Երաժշտասերները տարբեր են, իսկ հայ հանդիսատեսի ջերմությունը ամեն տեղ չես գտնի: Նրանց շրջանում հանդիպում են մարդիկ, որոնք քեզ ճանաչում են յոթ տարեկանից, մարդիկ, որոնց աչքի առաջ ես մեծացել, որոնք քեզ գիտեն առաջին քայլերն անելիս: Հայ երաժշտասերին չեմ տեսել գրեթե հինգ տարի և շատ ուրախ եմ վերադառնալ «Արամ Խաչատրյան» համերգասրահ»,-անկեղծանում է դաշնակահարը:

Շիրինյանի համար ուրախալի է Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ հանդես գալը: Նշում է՝ Պապյանի մասին շատ է լսել և շատ է հարգում նրան:  

Մարիաննա Շիրինյանը բազմաթիվ հեղինակավոր փառատոնների է մասնակցել և աչքի ընկել յուրահատուկ նվագով, միջազգային մրցույթների դափնեկիր է:

Նրա խոսքով՝ իր հաջողությունների գործում մեծ դերակատարություն են ունեցել ծնողները, որոնց նվիրվածությունը դաշնակահարը շատ է գնահատում, ուսուցիչներն ու աջակիցները: «Դաշնամուրի իմ առաջին դասատուն, որին մի քանի ամիս առաջ կորցրի համավարակի պատճառով, Մարգարիտա Հակոբյանն է: Նախորդ անգամ, երբ նվագում էի Երևանում, նա ներկա էր: Ինձ համար դա ամեն ինչ էր. Հակոբյանն ինձ սովորեցրել է ճիշտ վերաբերվել գործիքին, ընկերանալ նրա հետ: Ինձ շատ է աջակցել նաև Իգոր Մարտինովիչ Յավրանը»,-ասում է Շիրինյանն ու հավելում, որ արտերկրում իրեն օգնել է Ուրսուլա Լինդենը, որի շնորհիվ Գերմանիայում է սովորել:

Շիրինյանը նվաճումների գործում կարևորում է  հետաքրքրասեր լինելը: «Ես միշտ եղել եմ հետաքրքրասեր, միշտ կարդացել եմ: Ըստ իս՝ դա բոլորի համար շատ կարևոր է, և խորհուրդ կտամ ամեն ինչում հնարավորություն տեսնել: Եթե ամեն տերևի մեջ անգամ հետաքրքրություն գտնես, կյանքը ևս հետաքրքիր կլինի: Շատ շնորհակալ եմ բոլոր հնարավորությունների համար, որոնք ինձ անվերջ տրվել են»,-եզրափակում է Մարիաննա Շիրինյանը:

Ավելի վաղ թավջութակահար Սևակ Ավանեսյանը, խոսելով Սիմֆոնիկ նվագախմբի հետ սպասվող համերգի մասին, նշել էր, որ գաղափարն իրենն է: Սերգեյ Սմբատյանին առաջարկել են ելույթ ունենալ միասին: Սմբատյանը միանգամից համաձայնել է, ասել, որ Հայաստանում չէ, սակայն նվագախումբը կղեկավարի Վահագն Պապյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]