Հասարակական

Փրկարարներին օգնության են հասնում ԱԹՍ-ները. մշակվում են տեխնոլոգիական նոր լուծումներ

4 րոպեի ընթերցում

Փրկարարներին օգնության են հասնում ԱԹՍ-ները. մշակվում են տեխնոլոգիական նոր լուծումներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտահետազոտական լաբորատորիայում որոնողա-փրկարարական, հրդեհի մարման կամ այլ բնույթի փրկարակական աշխատանքներում օգտագործելու նպատակով նոր տեխնոլոգիական լուծումներ են մշակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:

«Գիտությունը և տեխնիկան զարգանում են, և նորագույն տեխնոլոգիաներ են ներդրվում բոլոր ոլորտներում, ուստի չի կարող արտակարգ իրավիճակների ոլորտը դուրս մնալ այս գործընթացից: Ինչպես տեսնում եք, օրինակ, Երևանում այսօր հանդիպում ենք արդեն բավականին շատ բարձրահարկ շենքերի, և փրկարարական աշխատանքների իրականացումը նոր դժվարություններ է առաջացնում: Նախկին աստիճանավանդակները օգտագործելը, բնականաբար, նման բարձրությունների վրա հնարավոր չի լինի, ինչը թելադրում է մեզ, որ պետք է նոր տեխնոլոգիաներ մշակել նմանատիպ վայրերում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Դրանք կլինեն և ռոբոտները, և անօդաչու թռչող սարքերը»,- նշեց Մաթևոսյանը:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորը հայտնեց, որ գիտահետազոտական աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես ակադեմիայի դասախոսները, այնպես էլ ուսանողները:

«Արդեն մեկ տարի է բավականին լուրջ փորձարկումներ ենք իրականացնում: Այդ փորձարկումների արդյունքները արդեն իսկ ներդրվել են Փրկարար ծառայությունում: Այս տարի, օրինակ, Սևանա լճում հանգստացողների համար ԱԹՍ-ներ ենք մշակել, որոնք ջրափրկարարներին տալիս են համապատասխան տեղեկատվություն լողորդների վերաբերյալ: Բացի այդ, մշակում ենք ԱԹՍ-ի միջոցով փրկարարական օղակ նետելու տեխնոլոգիան` ԱԹՍ-ը կարող է հայտնաբերել ջրում խեղդվողին, հասնել նրա մոտ, գցել փրկարարական օղակը, որը կտևի ընդամենը մեկ կամ մեկուկես րոպե` դա լիովին բավարար է մարդու կյանքը փրկելու համար: ԱԹՍ-ները նաև օգտագործում ենք անտառային հրդեհների մարման աշխատանքներում: Անտառային հրդեհների մարման գործընթացը դանդաղ է ընթանում առանց նոր տեխնոլոգիաների կիրառման: Մեր մշակած ԱԹՍ-ները հնարավորություն են տալիս կանխատեսել հրդեհի զարգացման ուղղությունները, արագությունը, հրդեհի օջախները արագ հայտնաբերել և այլն, և այլն»,- ընդգծեց Մաթևոսյանը:

Փրկարար ծառայության գեներալ-մայորը հայտնեց նաև, որ տարբեր մարզերում ԱԹՍ-ների միջոցով իրականացվել են իրազեկման ակցիաներ անտառային հրդեհները կանխելու և կանխարգելելու նպատակով:

«Գիտեք, որ սովորության համաձայն մեր քաղաքացիները անտառներում հանգիստ անցկացնելիս խորոված են պատրաստում, իսկ մենք ԱԹՍ-ին տեղադրված բարձրախոսի միջոցով իրազեկում ենք, թե ինչպես վարվեն կրակի հետ, ինչ անեն, որպեսզի տվյալ խոտածածկ տարածքում հրդեհներ չառաջանան»,- ասաց Մաթևոսյանը:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի խոսքով` ուսանողների շրջանում հետաքրքրությունը մեծ է այս ոլորտի նկատմամբ:

«Այս տարի Ակադեմիայում ռոբոտատեխնիկայի շահագործման մասնագետներ են պատրաստվելու, որը ,կարծում եմ, ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն ավելի կմեծացնի»,- եզրափակեց Մաթևոսյանը:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում