Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Պուտինին հայ գերիների վերադարձի հարցում ունեցած դերակատարության համար

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Պուտինին հայ գերիների վերադարձի հարցում 
ունեցած դերակատարության համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այս տարի արդեն երրորդ հանդիպումն արտահայտում է երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Փաշինյանը հայտարարեց Կրեմլում՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման մեկնարկին:

Նա ևս մեկ անգամ իր ցավակցությունները հայտնեց Կամչատկայում ինքնաթիռի կործանման առնչությամբ՝ վշտակցությունը հայտնելով բոլոր զոհերի ընտանիքներին ու մտերիմներին:

Շնորհակալություն հայտնելով հրավերի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորանքի խոսքերի համար՝ Փաշինյանն ընդգծեց, որ դա իսկապես շատ կարևոր առիթ է՝ քննարկելու երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը:

«Ցավոք, վերջին շրջանում մենք շատ ենք քննարկում հարցեր՝ կապված անվտանգության հետ, քանի որ մեզ մոտ տարածաշրջանում իրավիճակը կայուն չէ:

Բոլորը գիտեն Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության ջանքերը 44-օրյա պատերազմում կրակի դադարեցման հասնելու հարցում: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է: Սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անհանգստության, անկայունության օջախներ: Ես այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսվել գնահատականներով ու կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Իրավիճակը նաև շատ կայուն չէ Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին: Այս թեմայով մենք բազմիցս խոսել ենք: Ուզում եմ ասել, որ այստեղ ևս, ցավոք, ունենք մշտակա անհանգստության օջախ վերջին երկու ամիսներին ընթացքում:

Ցավոք, դեռևս ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը, թեպետ, բարեբախտաբար, այստեղ ևս լավ նորություններ կան, քանի որ մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Ցանկանում եմ ընդգծել այստեղ Ձեր անձնական դերակատարումը և շնորհակալություն հայտնել Ձեզ»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում իրենք խոսել էին այս թեմայի շուրջ, ինչից հետո էլ տեղ էր ունեցել հայ ռազմագերիների վերադարձը:

«Պետք է ասեմ, որ կան նաև լավ նորություններ տնտեսության բնագավառում: Հուսով եմ՝ հիշում եք, որ 2019 թվականին մենք Երևանում քննարկել ենք հարցեր՝ կապված Հարավկովկասյան երկաթուղիների գործունեության հետ: Պետք է ասեմ, որ այսօր Հայաստանում ամբողջ թափով ընթանում են երկաթգծային թարմացումները, ինչն իսկապես լավ լուր է, քանի որ իրականացվում է մեծ ներդրումային ծրագիր»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն ընդգծեց, որ ընթացիկ տարում աճել է արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան: «Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել նաև «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարման հարցում ցուցաբերած աջակցության համար: Այսօր մենք ստացել ենք ավելի քան 100 հազար դեղաչափ: Բարեբախտաբար, Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունը բավական լավ է, այս ֆոնին արդեն նկատելի է ռուս զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր»,- նշեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսօր կքննարկեն երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը:

Ի պատասխան Փաշինյանի այս դիտարկման՝ Պուտինը հավելեց. «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մեր երկրների միջև խորհրդակցություններն ընթանում են նորմալ հունով»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]